Մատչելիության հղումներ

Հայրենիքի դավաճանության մեղադրանքով ձերբակալված ռուսաստանցի կինն ազատ է արձակվել


Բազմազավակ մայր Սվետլանա Դավիդովան Լեֆորտովո մեկուսարանում, 3-ը փետրվարի, 2015թ.
Բազմազավակ մայր Սվետլանա Դավիդովան Լեֆորտովո մեկուսարանում, 3-ը փետրվարի, 2015թ.

Փաստաբանի փոխանցմամբ, դատախազի որոշումը հասարակական մեծ արձագանքի արդյունք էր:

Բազմազավակ մայր Սվետլանա Դավիդովային, ում Ռուսաստանում ձերբակալել էին հայրենիքի դավաճանության մեղադրաքնով, երեկ Լեֆորտովո մեկուսարանից ազատ են արձակել: Փոխվել է նրա խափանման միջոցը, Դավիդովան ստորագրել է, որ բնակավայրից չի բացակայի:

Նման միջնորդությամբ հանդես էր եկել կնոջ փաստաբանը, ում խոսքով՝ դատախազի որոշումը հասարակական մեծ արձագանքի արդյունք էր:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի վարչակազմ էր փոխանցվել 40 հազար ստորագրությունով նամակ՝ ի պաշտապանություն կալանավորված Դավիդովայի:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ պետական դավաճանության գործը մեծ հնչեղություն է ստացել, և Կրեմլում կքննվի Դավիդովային պաշտպանող դիմումը:

Ի պաշտպանություն Դավիդովայի հանդես էին եկել նաև Պետդումայի մի շարք պատգամավորներ: Գործը գտնվում է Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի, ինպես նաև Ռուսաստանի Դաշնության օմբուդսմենի ուշադրության կենտրոնում:

Ըստ մեղադրանքի, 2014 թվականի ապրիլին Սմոլենսկի մարզի Վյազմայի բնակչուհի Սվետլանա Դավիդովան երթուղայինի մեջ լսել է ուղևորներից մեկի հեռախոսային խոսակցությունը: Այդ տղամարդը, ձեռքի հեռախոսով զրուցելով ինչ-որ մեկի հետ, ասել է, թե տեղի զորամասի զինվորներին ուղարկում են Մոսկվա, բայց պարտադիր քաղաքացիական հագուստներով, իսկ Մոսկվայից էլ ուղարկելու են գործուղման:

Սվետլանա Դավիդովան կասկածել է, որ տեղի զինվորներին ուղարկում են Ուկրաինա՝ ռուս անջատականների կողքին կռվելու: Նա զանգահարել է Ուկրաինայի դեսպանատուն, պատմել, թե ինչ է լսել երթուղայինում, ինչպես ինքն է հետագայում ասել՝ նպատակ ունենալով կանխել արյունահեղությունը:

Գրեթե մեկ տարի անց՝ այս տարվա հունվարի 21-ին նրա բնակարան է եկել ուչաստկովին (թաղային ոստիկանը)՝ զինվորական համազգեստով ու դիմակավորված մարդկանց հետ: Նրանից մեկը ցույց է տվել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցի վկայական և հայտարարել, որ նրան ձերբակալում են հայրենիքի դավաճանության համար: Կնոջը տանում են անհայտ ուղղությամբ, բնակարանը խուզարկում են, առգրավում են համակարգիչը: Ավելի ուշ ամուսինը իմանում է, որ կինը գտնվում է Մոսկվայի Լեֆորտովոյի մեկուսարանում:

Դավիդովայի ամուսինը՝ Անատոլի Գորլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Սվետլանան ընդհանուր առմամբ դեմ է այդ պատերազմին, բայց հակապատերազմական ցույցերի կամ ընդդիմության հանրահավաքների ակտիվ մասնակից չէ:

«Բարձրագույն կրթություն ունի, տնտեսագետ է, սակայն ինչ-որ գաղտնի ինֆորմացիայի չի տիրապետում», - ասել էր ամուսինը՝ նաև հայտնելով, որ կինը նախկինում կոմունիստական կուսակցության անդամ էր, բայց հեռացել է կուսակցության շարքերից ու հիմա երեխաներ է պահում։ Սվետլանան 7 երեխա է մեծացնում, փոքրիկին դեռ կրծքով է կերակրում, 3 երեխաներն իրենն են, 4-ը՝ ամուսնու երեխաները՝ ուրիշ կնոջից:

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանի դատարանի կայքից լրագրողները տեղեկացել են, որ Դավիդովային կալանելու միջնորդությունը դատարանը լսել է հունվարի 22-ին և բավարել այն՝ թույլատրելով 2 ամսով կալանել կնոջը:

Երեքշաբթի ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայության քննիչները Վյազմայում հարցաքննել են Սվետլանա Դավիդովայի ամուսնուն, քրոջը և ծնողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG