Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում է պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծել, որը անհապաղ կմեկնի Ստեփանակերտ և Ղարաբաղի գործընկերների հետ քննարկի Բերձորում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև այն, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել դրա բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Այս մասին այսօր Փաշինյանը հայտարարեց խորհրդարանի նիստում՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
«Ես կարծում եմ, որ այստեղ կան բացասական հետևանքների ռիսկեր ինչպես ներհայկական,այնպես էլ միջազգային տիրույթում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ևս դատապարտում են միջադեպը և նշեց, որ ոչ համաչափ ուժ է կիրառվել երթի մասնակիցների նկատմամբ: Ռուստամյանը հավելեց, որ ՀՅԴ-ն նրանց տուժող է համարում, սակայն դատապարտում է նաև այն փաստը, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները գնացել են ուրիշ երկրում քաղաքական ակցիա անելու: Ինչպես նաև չեն ընդունում այն, որ ապրիլի 24-ին ընդառաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ցանկանում են քաղաքական ենթատեքստով ակցիա իրականացնել:
«Ես կփորձեմ այսօր քննարկել այդ հարցը իմ գործընկերոջ՝ Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ: Կարծում եմ՝ միջադեպով պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկել և կարձագանքեմ ձեր հայտարարությանը», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հովհաննես Մովսիսյան
Մանրամասները՝ քիչ անց: