Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին քիչ առաջ հանդիպեցին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը:
Միքայել Մելքումյանը փոխանցեց, որ երկուշաբթի օրը եռյակի հետ միասին նախաձեռնում են արտահերթ նիստ «այս հարցը՝ կամավորության սկզբունքը և շեմի բարձրացումը դնելով, անպայման ձեր համար պայման ստեղծելով»:
Մելքումյանը նաև փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունում է ցուցարարների քաղաքացիական դիրքորոշումը:
«Ձեր պայքարը ճիշտ է, արդարացի է, և մենք պետք է երկիրը էս փոսից հանենք», - հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ դիմելու են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի արտակարգ խորհրդակցություն հրավիրվի և քննարկվի հարցը․ - «Մենք հրավիրենք ֆինանսների նախարարին, բոլոր պաշտոնյաներին, որոնք առնչվում են այս խնդրի հետ, և որոշում կայացվի, որպեսզի անհետաձգելի կարգով այս հարցն իր լուծումը ստանա»:
Ցուցարարները հայտարարեցին, որ դադարեցնում են ավելի վաղ սկսած նստացույցը: