Միացյալ Նահանգները երեք ռուս քաղաքացիների մեղադրել է ռուսական լրտեսական օղակի հետ կապեր ունենալու մեջ։ Ռուսաստանը, սակայն, հերքել է ամերիկյան մեղադրանքները։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը, նշելով, որ ռուս - ամերիկյան հարաբերությունները արդեն երկար ժամանակ է ինչ լարված են, հայտարարել է․ - «Միացյալ Նահանգները, գործելով «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոշել է հակառուսական քարոզչության նոր փուլ սկսել»։
Վերլուծաբանները շեշտում են, որ հարաբերությունները երկու երկրների միջև սկսել են քայքայվել արդեն մինչև լրտեսության մեղադրանքները։
Այդ մեղադրանքներից մի քանի օր առաջ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հրթիռակոծության հետևանքով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցին։ Արևմուտքը Ռուսաստանին քննադատում է Ուկրաինայում անջատականներին զինելու և աջակցելու համար։
Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դժվարացնում են ռուս - ամերիկյան համագործակցությունը մի շարք այլ հարցերում։
«Ռուսաստանը արհամարհում է միջազգային համակարգի օրենքները և հարևան երկրի տարածքից կտորներ է ցանկանում պոկել՝ տնտեսական և քաղաքական կախվածություն պահանջելով այդ երկրներից», - ասել է Նուլանդը։
Վերլուծաբան Սթիվըն Բլանքի համաձայն՝ ռուս - ամերիկյան հարաբերությունները վատթարացել են լրտեսության միջադեպից շատ առաջ, քանի որ Ռուսաստանը իր հարևանների նկատմամբ ագրեսիա է գործել 2008 թվականից ի վեր։
«Պուտինի օրոք սովորական հարաբերություններ ունենալու գաղափարը, նույնիսկ եթե նա հեռանա Ուկրաինայից, պատրանք է։ Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է քայքայել Եվրոպայի անվտանգության ողջ համակարգը՝ Պուտինին իշխանության վրա պահելու համար», - ասել է Բլանքը։
«Ամերիքըն Էնթըրփրայզ» հաստատությունից Լեոն Արոնի կարծիքով, չնայած Միացյալ Նահանգները վերամշակում է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, լրացուցիչ պատժամիջոցները չեն կարող բերել ցանկալի արդյունքների Ուկրաինայում։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի խոսքով, Ուկրաինայի հարցով տարակարծություններին հակառակ, գոյություն ունեն համագործակցության որոշ հնարավորություններ։
«Դրանցից է, օրինակ, համագործակցությունը Իրանի հետ տարվող բանակցություններում, որոնք շարունակվում են», - ասել է Փսաքին: