Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի անվտանգությունն ԱՄՆ-ի անվտանգությունն է․ փորձագետ


Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանք
Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանք

Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ վերջին ամիսներին զարգացող իրադարձությունները Հարավային Կովկասի երկրներին ստիպում են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, համոզված են ամերիկյան փորձագետները:

Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված «Անվտանգությունն ու էներգետիկ խնդիրները Հարավային Կովկասում» քննարկումների ընթացքում մասնագետները խոսել են տարածաշրջանի ներկա մարտահրավերների ու ապագա զարգացումների մասին:

Հարավային Կովկասին սպասում է վտանգավոր իրավիճակ, քանի որ տարածաշրջանի երկրները Ուկրաինայի շուրջ տեղի ունեցածից հետո Արևմուտքն ավելի թույլ կողմ են համարում և միտված են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է «Ամերիքըն Էնթըրփրայզ» հաստատության փորձագետ Մայքլ Ռուբինը:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքն ավելացրել է, որ Մոսկվան փորձում է ապացուցել նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, որ ինքն է միակ ուժը, որը կարող է կամ ապահովել այդ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, կամ էլ երկրները պատառների տրոհել, և որ Արևմուտքը նրանց չի օգնի:

«Մինչդեռ Հարավային Կովկասի անվտանգությունը կարևորագույն դեր է խաղում Միացյալ Նահանգների անվտանգության համար՝ դա մեր անվտանգությունն է: Ու եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա Ռուսաստանը կարող է դրան միջամտել, ու դա կլինի մի մեծ աղետ, ավելի մեծ, քան պատերազմն ինքնին», - ասել է Բլանքը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆի կարծիքով էլ՝ Մոսկվան փորձում է հավաստիացնել թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմին, որ ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Միևնույն ժամանակ, փորձագետը չի կարծում, թե Մոսկվայի գործողությունները լուրջ արդյունքի կբերեն հեռանկարային առումով:

«Անշուշտ, ներկայում Հարավային Կովկասի երկրները փորձում են չհեռանալ Ռուսաստանից ու չզայրացնել Մոսկվային, սակայն նրանք բոլորն էլ սկսել են նոր գործընկերներ որոնել, քանի որ Ռուսաստանն ապացուցել է Ուկրաինայի օրինակով, որ վստահելի գործընկեր չի կարող համարվել», - ասել է Մանքոֆը:

Այսպիսով, նրա կարծիքով, ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանն իր գործողություններով հասնելու է հակառակ արդյունքի, ու եթե կարճատև ժամանակով Մոսկվային նույնիսկ հաջողվի իր Եվրասիական միության գաղափարը պարտադրել հարևաններին, ապա երկարատև հեռանկարի տեսանկյունից դրանով նա վանում է իրենից բոլոր գործընկերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG