Ամերիկյան շոու աստղ Քիմ Քարդաշյանը այս տարվա ապրիլին առաջին անգամ այցելելու է նախնիների երկիրը՝ Հայաստան:
«Մեր հայրը հպարտ կլիներ», - իր առաջիկա այցի մասին Page Six կայքին ասել է Քարդաշյանը: «Մեր ամբողջ ընտանիքը այնպես հուզված է», - նշել նա:
34-ամյա աստղը մտադիր է Հայաստան մեկնել ընտանիքով, երկու քույրերի և երեխաների հետ միասին: Այս մասին ասել են նրանց ընտանիքին մոտ կանգնած մարդիկ: Կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ, ամեն դեպքում՝ գալիք ապրիլին Հայաստան այցելելու մտադրություն կա:
Չնայած Քարդաշյանի այցը կատարվելու է ապրիլին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նրա ներկայացուցիչն ասել է, թե այցը այդ կապակցությամբ նախատեսված արարողությունների հետ կապ չունի:
Սակայն Ֆիլ Վալոտսկին՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի մամուլի խոսնակը, Page Six կայքին ասել է, որ Քիմի այցը «իմաստ է պարունակում»:
«Ես կարծում եմ՝ բոլոր հայերի մոտ Քիմի այցը մեծ իմաստ է առաջացնում՝ կապվելու իրենց արմատներին և ճամփորդելու այնտեղ, անկախ այն բանից՝ նրանք հայտնի մարդիկ են, թե՝ ոչ», - ասել է Վալոտսկին:
Նա նշել է, որ այդ այցելությունը կարող է օգնել՝ փոփոխելու համար կողմնակալ որոշ պատկերացումները Քարդաշյանի մասին: «Կարծում եմ՝ դա լուրջ հարցերով զբաղվելու անկեղծություն և հրապարակայնություն է ցույց տալիս, հատկապես որ այն կապված է հայերի հետ», - ասել է Ֆիլ Վալոտսկին:
Վերջին տարիներին ապրիլի 24-ի կապակցությամբ Քիմ Քարդաշյանը ուղերձներով է հանդես գալիս: Անցյալ տարի իր միկրոբլոգում նա կոչ էր արել համախմբվելև հիշատակի տուրք մատուցել մեկևկես միլիոն զոհերին, որ սպանվել են Հայոց ցեղասպանության արդյունքում:
Նրա անունը, կարելի է ասել, չի իջնում ժամանցային մամուլի էջերից, աստղերի կյանքին հետևող կայքերից, երբեմն քննարկվում է նաև նրա հայկական ծագումը:
Հայ-ամերիկյան ընտանիքում ծնված Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին: Նրա նախնիները Թուրքիայից Միացյալ Նահանգներ են ներգաղթել 19-րդ դարի վերջերին:
«Հայրս շատ հպարտ կլիներ, որ խոսում ենք մեր հայկական ծագման մասին: Մեր հայրը մեզ միշտ ասում էր, որ ազգանվան վերջից չհանենք «-յան» մասնիկը, ինչը անում են Ամերիկա տեղափոխված որոշ հայեր: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ», - ավելի վաղ ասել էր ամերիկյան շոու աստղը, ում մասին Հայաստանում կարծիքները այնքան էլ դրական չեն:
Դեռ երկու տարի առաջ BBC-ի ռուսական ծառայությունը գրել էր, որ աշխարհում ամենահայտնի հեռուստաշոուի աստղերից Քիմ Քարդաշյանը հայկական ծագում ունի, և այդ նյութում ներկայացրել էր «աշխարհիկ վագրուհու» մասին նրա հայրենակիցների կարծիքները: Ժամանակին Հայաստանում BBC-ի մոնիթորինգի լրագրող Արմեն Շահբազյանը ասել էր, որ Հայաստանում Քարդաշյանին շատերը բացասաբար են ընկալում, չեն ցանկանա, որ նա ներկայացնի իրենց երկիրը: Հիմնական խոչընդոտը նրա ցուցադրության հանած սեքսուալ կյանքն է, սկանդալային տեսանյութը: «Շատ հայեր չեն ցանկանա, որ աշխարհում կարծեն, թե բոլոր հայերը նման են Քարդաշյանին», - ասել էր նա: