Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի միջոցառումներին աշխարհի 42 պետությունների ղեկավարներ են մասնակցում, նաև վարչապետեր, արտգործնախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հայկական կողմն այս միջոցառմանը ներկայացված է փոխարտգործնախարարի մակարդակով՝ ի տարբերություն, օրինակ, հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի, որոնք իրենց արտգործնախարարներին են գործուղել Լեհաստան։
10 տարի առաջ՝ Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի միջոցառումներին Հայաստանը ներկայացված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մակարդակով: Վերջինս Կրակովում նաև մասնակցել էր Հայոց ցեղասպանությունը հավերժացնող խաչքարի բացմանը։ Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ մասնակցության հրավեր ուղարկվել է դեսպանատներին և պետություններն իրենք պետք է որոշեին, ինչ կազմով ներկայանալ։
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ «Ազատության» հարցին, թե ինչու է այս անգամ իջեցվել հայաստանյան պատվիրակության կարգավիճակը, պատասխանեց, թե նման խնդիր չկա և պատվիրակության կազմի վերաբերյալ որոշումը կայացվել է ըստ նպատակահարմարության։
«Ֆիզիկապես նախարարը չէր կարող երկու տեղ գտնվել։ Այսօր Իրանի արտգործնախարարն էր այստեղ։ Որոշում է կայացվել, որ Հայաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, որը ևս շատ բարձր մակարդակ է», - ասաց Բալայանը:
Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը,(գերմանական անվանումը՝ Աուշվից) Հոլոքոստի իրագործման ամենահայտնի կենտրոններից է։ Պաշտոնական տվյալներով այնտեղ 1 միլիոն 400 հազար մարդ է սպանվել, որոնցից ավելի քան մեկ միլիոնը՝ ազգությամբ հրեաներ։ 1945-թվականին Օսվենցիմն ազատագրվեց խորհրդային բանակի կողմից: Ճամբարի ազատագրման պաշտոնական միջոցառումներին, մինչդեռ, չի մասնակցում խորհրդային միության իրավահաջորդը համարվող Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահը չի մասնակցում, քանի որ անձնական հրավեր չի եղել։ 10 տարի առաջ ընթացակարգը նույնն էր և Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին Պուտինը ժամանել էր և ելույթ ունեցել։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մասնակցության կարգավիճակի փոփոխությունը կապում է աշխարհաքաղաքական իրավիճակ փոփոխության հետ։
«Ուկրաինական դեպքերի հետ կապված Ռուսաստանը իրեն դուրս է դրել եվրոպական համայնքից և եվրոպացիները իրենց միջոցառումները կարողանում են այնպես կազմակերպել, որ ազատվեն Պուտինի անցանկալի ներկայությունից», - ասաց իրավապաշտպանը:
«Հայաստանի գնալ-չգնալու խնդիրը արծարծվել է այս տարի, ի տարբերություն մյուս տարիների, որովհետև այս տարի աշխարհում շատ բան է փոխվել, Հայաստանի կշիռը աշխարհում ավելի պակասել է, քան էր նախորդ տարիներին: Դա կարելի է կապել տարբեր գորոծնների հետ, ես առաջին հերթին կկապեի Հայաստանի ռուսական կողմնորոշման հետ», - ընդգծեց Վարդան Հարությունյանը:
Երևանում այսօր ՄԱԿ-ի գրասենյակի և հրեական համայնքի նախաձեռնությամբ հիշատակի միջոցառում էր կազմակերպվել։ Միջոցառման մասնակիցները հավաքվել էին Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Մասնակիցներից Հասմիկ Առաքելյանը կարծում է, որ ցեղասպանությունների ճանաչումը ոչ այնքան դիվանագիտական հարց է, որքան բարոյական։
Հայոց ցեղսպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը և Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը համակարծիք էին. ցեղասպանությունների մասին պետք է միշտ բարձրաձայնել, որպեսզի այդ արհավիրքները չկրկնվեն:
Այսօր առաջին անգամ Հոլոքոստի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև Անկարայում։ Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ էլ կանցկացվեն։
«Եթե Թուրքիայում կազմակերպում են նման միջոցառում, դա նշանակում է, որ թուրքերը սկսում են հասկանալ, կամ փորձում են սկսել հասկանալ ցեղասպանության արժեքը, էությունը և չեմ բացառում, որ մի օր էլ հայկական ցեղասպանության հետ կապված միջոցառում անցկացնեն», - ասաց Վարդան Հարությունյանը: