Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին՝ շնորհակալություն հայտնելով գործընկերոջը Ղարաբաղի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։
Հունվարի 4-ին Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Հիշեցնենք՝ 2012 թվականի մայիսին էլ Լուիս Ալմագրոն Երևանում էր հայտարարել, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման ֆունդամենտալ սկզբունքի կիրառման մեջ: