Մատչելիության հղումներ

Ուկրաինական ճգնաժամը վերածվում է Ռուսաստան - Արևմուտք ճգնաժամի


Ուկրաինա - Գնդակոծության հետևանքով այրվող տուն Մարիուպոլում, 24-ը հունվարի, 2015թ․
Ուկրաինա - Գնդակոծության հետևանքով այրվող տուն Մարիուպոլում, 24-ը հունվարի, 2015թ․

Ուկրաինական ճգնաժամը վերածվել է Ռուսաստան - Արևմուտք ճգնաժամի, հնչում են կոշտ հայտարարություններ թե՛ Մոսկվայից, թե՛ Բրյուսելից:

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ - Ուկրաինա հանձնաժողովի արտահերթ նիստում կողմերը խիստ դատապարտել են ռուսամետ անջատողականների գործողությունները ուկրաինական Մարիուպոլ քաղաքում:

Անջատականների ագրեսիվ գործողությունները և սադրիչ հայտարարությունները հակասում են Մինսկի համաձայնություններին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և հավելել, որ Մոսկվան, չնայած բազմիցս հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի կողմնակից է, շարունակում է աջակցել անջատողականներին:

Վերջին շաբաթներին Ռուսաստանը Դոնբասի անջատողականներին է տրամադրել ժամանակակից զենք, այդ թվում նաև հրթիռային համակարգեր, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը և Ռուսաստանին կոչ արել անհապաղ վերջ տալ այդ աջակցությանն ու հարգել միջազգային պարտավորությունները:

Բրյուսելում երեկ ընդունված հայտարարությունում ՆԱՏՕ-ն հերթական անգամ ընդգծել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում, այսինքն՝ Ղրիմի հետ միասին:

Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներից մեկն է, որը ոչ թե Ուկրաինայի ազգային շահերն է պաշտպանում, այլ Ռուսաստանի դեմ ուղղված աշխարհքաղաքական խնդիրներ է հետապնդում:

Ստոլտենբերգը Պուտինի այս հայտարարությունը անհեթեթություն է որակել և իր հերթին հայտարարել է, որ արտասահմանյան ռազմական ուժերը Ուկրաինայում հենց ռուսական ուժերն են:

Մարիուպոլում վերջին օրերին ավելի քան երեք տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ հարյուր մարդ էլ վիրավորվել է:

Փորձագետների կարծիքով՝ սա ուկրաինական հակամարտության աննախադեպ սրում է, որը լի է անկանխատեսելի հետևանքներով:

Հիշեցնենք՝ նախօրեին Հնդկաստանում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական միջամտությունը ուկրաինական հակամարտությանը ԱՄՆ-ի համար արդյունավետ չէ, փոխարենը՝ պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Ռուսաստանցի փորձագետները մտավախություն ունեն, որ Ռուսաստանին կարող են զրկել բանկային SWIFT համակարգից, ինչը կարող է պարզապես կաթվածահար անել երկրի ֆինանսական համակարգը, որն առանց այդ էլ, մեղմ ասած, նորմալ վիճակում չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG