Մատչելիության հղումներ

ՌԴ «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը ավելացել է


ՌԴ «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը ավելացել է
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Չնայած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարեսկզբից ավելացել է այն հայաստանցիների թիվը, որոնք այլևս չեն կարող մուտք գործել Ռուսաստան՝ միգրացիոն սև ցուցակում հայտնվելու պատճառով:

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, միայն անցած 5 օրվա ընթացքում հայ միգրանտներից մոտ 200 դիմում են ստացել՝ ներման խնդրանքով:

«Անցած ամռանից մենք ստացել ենք 3554 դիմում, որից 3225-ը ուղարկվել է ՌԴ Ֆեդերալ միգրացիոն ծառայություն՝ խնդրանքով, որ ներողամտություն ցուցաբերեն ներկայացված ցանկում ներառված անձանց նկատմամբ և վերացնեն ՌԴ մուտքի արգելանքը»,- տեղեկացրեց Եգանյանը։

Երևանի բնակիչ Մխիթար Սահակյանը վարորդ էր աշխատում բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից մեկում, սակայն արդեն 6 ամիս է՝ Ռուսաստան մուտք գործելու իրավունք չունի: Ասում է միգրացիոն օրենքը խախտել է, բայց ստիպված:

«Սարի մեջ էի մնացել, МЧС-ն է ինձ հաց ու ջուր բերել, ես ո՞նց անեմ, բռնին, ասին՝ շատ ես մնացել։ Դրա համար երեք տարի запрет դրին, չեմ կարում աշխատեմ»,- պատմեց Սահակյանը։

Սիրամարգ Բաբայանը Հայաստանի միգրացիոն ծառայություն էր եկել խնդրագիր գրելու դստեր համար, ում երկու դպրոցական տղաները Ռուսաստանում օգոստոսից առանց մայր են մնացել.- «Աղջիկս արդեն հինգ ամիս է ստեղ է, ընտանիքը՝ էնտեղ։ Запрет են դրել՝ 1 տարի, 8 ամիս»։

Էդիկ Գևորգյանի ընտանիքը ևս Ռուսաստանում է, ինքը, սակայն, հայտնվել է սև ցուցակում: Պնդում է՝ այնտեղ չի աշխատել և որևէ օրենք չի խախտել: Հիմա հնարավորություն չունի անգամ բժշկին տեսնելու, որի մոտ վիրահատվել է։

«Չեն թողնում գնամ իմ առողջության հետևից։ Արտագնա աշխատանքի չեմ գնում, ես իմ առողջության համար իրավո՞ւնք չունեմ գնալու։ Ի՞նչն է պատճառը»,- վրդովվում է Գևորգյանը։

Շավարշ Կարապետյանն էլ արդեն 3 ամիս է՝ պատասխանի է սպասում: Ասում ՝ է որևէ կարգ չի խախտել կամ առնվազն տեղյակ չէ դրա մասին: Նա ևս Միգրացիոն ծառայություն էր եկել պարզելու՝ որն է մեղքը և ինչու են իր առջև փակվել Ռուսաստանի դռները:

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Ռուսաստան մուտք գործելու իրավունքից զրկված է ավելի քան 40 հազար հայաստանցի: Թե կոնկրետ ինչի համար են պատժվել այս մարդիկ, չի կարողանում պարզել անգամ Հայաստանի միգրացիոն ծառայությունը: Ծառայության պետ Գագիկ եգանյանի խոսքով, իրենք ամիսը երկու անգամ տրցակներով խնդրագրեր են ուղարկում, ռուսները ներում են շնորհում չորս քաղաքացուց միայն մեկին, ընդ որում՝ առանց բացատրության ու պարզաբանման:

«Մեծ մասամբ պատասխանում են, որ արգելանքը հանելու հիմքեր չեն տեսել՝ առանց պարզաբանելու»,- ասում է Եգանյանը։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ, միգրացիոն օրենքի խստացմամբ Ռուսաստանը իրականում փորձում է փրկել ճգնաժամում հայտնված իր աշխատաշուկան: Արդյունքում, ըստ Մակարյանի, Հայաստանը այս տարի հայտնվելու է մի նոր ճգնաժամի առջև:

«Ռուսաստանը սկսեց միգրացիոն նոր օրենք կիրառել, բայց դա մտածված ձևով կիրառեց։ Պատճառը ոչ թե այն է, որ օրենքը խախտողները շատ են, այլ փորձում է տեղերը ազատել, որ իր քաղաքացիները աշխատեն։ Հետևաբար ազդեցություն կունենա տրանսֆերտների առումով»,- ասում է Մակարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG