Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԽ-ին անդամակցում է արդեն 14 տարի


Ֆրանսիա – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22-ը հունիսի, 2011թ․
Ֆրանսիա – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22-ը հունիսի, 2011թ․

Ուղիղ 14 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 25-ին, Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 47 պետություն: Կազմակերպությունը ստեղծման օրվանից նպատակ է հռչակել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների կատարելագործումը։

Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո՝ 1949 թվականին, ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։

1946 թվականի սեպտեմբերի 19-ի Ցյուրիխում՝ ելույթի ժամանակ Ուինսթոն Չերչիլը հայտարարեց. - «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան»:

14 տարի առաջ Հայաստանը ստանձնեց մի շարք պարտավորություններ․ անդամակցություն ստանալու պահին ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և կից արձանագրությունները, Հայաստանի Հանրապետությունը՝ ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պարտավորվեց հարգել մարդու կյանքի իրավունքը, արգելել խոշտանգումները, ստրկությունն ու հարկադիր աշխատանքը, երաշխավորել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից բխող մի շարք այլ իրավունքներ:

Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ Հայաստանի կառավարությունը 14 տարի առաջ պարտավորվեց և ստորագրեց ու վավերացրեց նաև «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում»: Սակայն դատարաններում բազմաթիվ դեպքերում են փաստաբանները հայտարարում, որ Հայաստանի կառավարությունն ու կից մարմինները , մեղմ ասած, չեն կատարում ստանձնած պարտավորություննեըը, բանտարկյալները շատ դեպքերում դատարաններում են վկայում կալանավայրերում իրենց նկատմամբ կիրառված բռնությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին:

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո հանրությունն առավելապես քաղաքական-հասարակական շարժումների առիթով ականատես դարձավ, թե կառավարությունը որքանով է կատարում ստանձնած պարտավորությունները:

Եվրախորհրդին անդամակցելով՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում էին, թե այդ կառույցում Հայաստանը կկարողանա օրենսդրության համապատասխանեցման շնորհիվ ապահովել ժողովրդավարություն և երաշխավորել միջազգային չափանիշներով ընդունված մարդու իրավունքները:

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց 14 տարի անց Հայաստանն առաջին անգամ այս օրը նշում է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդամի կարգավիճակում: Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել Եվրասիական տնտեսական միությունից՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջընթացի հարցում, և հնարավո՞ր է մարդու իրավունքների երաշխավորման հարցում Եվրասիական տնտեսական միությունում երբևիցե հասնել արդյունքի, եթե անգամ իրավապաշտպաններն ամեն ինչ անեն: «Ազատության» այս հարցին անցյալ ամիս պատասխանելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսի քաղաքացի, հանրահայտ իրավապաշտպան Ալես Բելյացկին ասել էր՝ «Ոչ, որովհետև այդ միությունում բռնատիրական երկրներ են, այնտեղ անելիք չունեն նորմալ, ժողովրդավարական երկրները, այնտեղից պետք է փախչել, որքան հնարավոր է շուտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG