Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աղքատությունը խորանում է


Հայաստանյան գյուղերից մեկում, արխիվ
Հայաստանյան գյուղերից մեկում, արխիվ

Փորձագետները նշում են, որ տնտեսական անցումային այդ երկրներում «նոր աղքատների» ռիսկեր են առաջանում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցը փաստում է, որ տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում, աղքատությունը խորանում է, իսկ հարուստների ու աղքատների միջև անհավասարության մակարդակը գնալով մեծանում է:

Հունվարի 21-22-ը Ստամբուլում անցկացված անհավասարությունների հարցերի շուրջ խորհրդաժողովում ներկայացված այս զեկույցը արձանագրում է՝ տնտեսական համակարգի անցումային երկրներում մեծանում են անհավասարությունը և աղքատությունը, տարածաշրջանի երկրների մեծ մասում կրճատվել է մարդկանց կյանքի միջին տևողությունը: Տաջիկստանում, Ղրղըզստանում, Վրաստանում և Հայաստանում բնակչության մեկ քառորդից մինչև մեկ երրորդը, այսինքն՝ 25-33 տոկոսը, ծայրահեղ աղքատ են:

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ տնտեսական անցումային այդ երկրներում «նոր աղքատների» ռիսկեր են առաջանում, նրանց թվում դասվում են կրթության, առողջապահության, գիտության և արվեստի, հանրային և գյուղատնտեսական բնագավառներում ցածր եկամուտներով աշխատողները: Նշվում է, որ աղքատության ռիսկը բարձր է հատկապես գյուղական շրջանների բնակիչների համար: Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ այդ երկրներում կրճատվել է կյանքի միջին տևողությունը՝ 1960-ականների համեմատ այդ երկրների բնակչության կյանքի միջին տևողությունը երկու տարով կրճատվել է:

ՄԱԿ-ի Զարգացման գործակալության տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդական Բեն Սլեյը նկատել է, որ հետսոցիալիստական շրջանի այդ երկրներում պահպանվել էին եկամուտները հավասար բաշխելու, սոցիալական ապահովության համակարգից լայն շերտերի օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև ցածր էր գենդերային անհասարության մակարդակը: Նրա խոսքերով՝ այսօր այդ առավելությունների կորստի նշանները մտահոգիչ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG