Մատչելիության հղումներ

Անհանգստություններ Թուրքիայում


Թուրքիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելքում բռնության դեպքեր են գրանցվել իսլամիստների և քուրդ ազգայնականների միջև: Պայքարը հատկապես խորացել է Դիարբեքիրում:

Հոկտեմբերին Դիարբեքիրը ցնցվեց այստեղ տեղի ունեցած աննախադեպ բռնությունից: Բախումների սկիզբ դրեց քուրդ ազգայնականների զայրույթը: Նրանց կարծիքով՝ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է օգնություն ցուցաբերել սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարող քուրդ զինյալներին:

Զայրույթը հիմնականում ուղղված է Դիարբեքիրի այն քրդերի դեմ, որոնք «Իսլամական պետության»-ը աջակցություն ցուցաբերելու մեջ են կասկածվում:

Յուսուֆ Էրն ընկերների հետ միս էր առաքում իսլամիստական «Հուդա Փար» կուսակցության միջոցառմանը, երբ հարձակման են ենթարկվել:

«Մեզ վրա սկսեցին բղավել, ասելով, թե մենք «Իսլամական պետություն»-ից ենք: Հետո մեզ վրա սկսեցին քարեր նետել, թույլ չտալով մեզ բացատրել, որ մենք «Իսլամական պետության» հետ կապ չունենք: Հետո էլ ես լսեցի ընկերոջս ճիչը և հասկացա, որ նա սպանվել է», - պատմում է նա:

Յուսուֆին հաջողվել է փրկվել մահից, սակայն նրա չորս ընկերներին սպանել են:

«Հուդա Փար» կուսակցությունը հերքում է «Իսլամական պետության» հետ որևէ կապը: Կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բահաթինի խոսքով, նման մեղադրանքներ են տարածվում Քրդական աշխատավորական կուսակցության կողմից, ըստ որի՝ «Հուդա Փար»-ը տարիներ շարունակ աջակցել է Թուրքիայի կառավարությանը քուրդ զինյալների դեմ պայքարում:

«90-ականներին «Հուդա Փար»-ը քուրդ հայրենասերների կոտորածներ է իրականացրել», - ասում է Քրդական աշխատավորական կուսակցությանը մոտ կանգնած գործիչ Հիլմի Այդոգդուն:

Դիարբեքիրի փողոցները այժմ խաղաղ են, սակայն լարվածությունը պահպանվում է՝ հղի բռնության նոր դեպքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG