Կառավարությունը այսօր սահմանեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։ Գործադիրը հաստատեց արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:
Կառավարությունը նաև իրավունք վերապահեց 2015-2025 թվականներին ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են Հայաստանի տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Գործադիրի որոշմամբ, շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Հայաստանի լիազոր մարմնի՝ երկրի օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը: