«Հայաստանը շատ ավելի մեծ ռազամավարական արժեք ունի Ռուսաստանի համար, քան դա գիտակցվում է Հայաստանի իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ Ռուսաստանը պակաս արժեքավոր է Հայաստանի համար, քան շատերն այստեղ ենթադրում են», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Միևնույն ժամանակ Կիրակոսյանը համաձայն չէ նրանց հետո, ովքեր պնդում են, թե Գյումրիի ողբերգությունից հետո պետք է պահանջել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրս բերումը: Դա, քաղաքագետի համոզմամբ, անիրատեսական է:
Այդուհանդերձ, Կիրակոսյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում համամասնություն, հավասարակշռություն և փոխադարձ հարգանք չկա: Քաղաքագետի համոզմամբ, այդ հարաբերություններն այսօր բնութագրվում են կողմերից մեկի անպատկառությամբ և մյուսի թուլությամբ:
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին՝ Կիրակոսյանը բերում է Ղրղըզստանի օրինակը․ - «Հայաստանում ռուսական բազան այն քչերից է, եթե ոչ միակը, որի կարիքների համար վճարում է հյուրընկալ երկիրը: Օրինակ, Ղրղըզստանում, որտեղ նույնպես ռուսական ռամակայան կա, Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է վճարում դրա տեղակայման դիմաց»:
«Եթե Ռուսաստանյան ռազմակայանի ներկայությունը Հայաստանի անվտանգության ապահովման համար է, ինչպես նախատեսված է երկկողմ միջպետական պայմանագրով, ապա Հայաստանը բավարար չափով անվտանգություն չի ստանում», - ասում է Ռիչարդ Կիրակոսյանը ու այս համատեքստում նաև հիշեցնում, որ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատակարարը:
Քաղաքագետը տարակուսանք է հայտնում․ - «Երբ Հայաստանին պարտադրվեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, անդամակցության կողմնակիցները դա արդարացնում էին Ռուսաստանի կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքներով: Մինչդեռ, հաշվի առնելով վերջին շրջանում ադրբեջանական կողմից զինված ոտնձգութունների սաստկացումը, կարող ենք ասել, որ այժմ, լինելով ԵՏՄ անդամ, մենք շատ ավելի անպաշտպան ենք»:
Ըստ նրա, սա մարտահրավեր է՝ նետված ՀԱՊԿ-ին, որի շրջանակներում Ռուսաստանը պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը արդեն իսկ պատերազմական իրավիճակում է, պարբերաբար ենթարկվում է Ադրբեջանի հարձակումներին: «Սա արդեն Լեռնային Ղարաբաղ չէ, սա Հայաստանն է, և անգամ այս պարագայում ռուսական կողմը փորձ չի անում մասնակցել Հայաստանի հանդեպ ոտնձգություններին հակահարված տալուն», - հավելում է քաղաքագետը:
Մեկնաբանելով Գյումրիի ողբերգությանը հաջորդած իրադարձությունները՝ Կիրակոսյանը կարծիք է հայտնում, որ դրանք ճգնաժամ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում:
«Ռուսական կողմը խնդիրը փորձում է կարգավորել՝ դրսևորելով իրեն բնորոշ անպատկառ վարքագիծ, առանց հաշվի առնելու խնդրի նրբանկատությունը տեղացիների համար: Եվ դա զուգակցվել է հայաստանյան իշխանությունների անիրազեկ և անկարող վարքագծով: Հայաստանի նախագահը և նրա կառավարության ներկայացուցիչները այս հարցի հետ կապված երկար ժամանակ լռություն էին պահպանում», - հիշեցնում է Կիրակոսյանն ու շարունակում․ - «Այդ ամենը միայն նպաստել է Հայաստանի հանրության շրջանում հիասթափության և ցասումի ալիքի բարձրացմանը»:
Քաղաքագետի կարծիքով, դրանք հակառուսական ցույցեր չէին: Սխալ է նաև դրանք որպես գունավոր հեղափոխություն ներկայացնելը․ - «Այստեղ մայդանային շարժում չկա, սա հարձակում չէ հայ-ռուսական հարաբերությունների դեմ, սա լուրջ մարտահրավեր է՝ նետված հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափությանը: Եկեք խոստովանենք՝ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները շատ խեղճ գտնվեցին այս ճգնաժամի հաղթահարման հարցում»: