«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետաձգեց այսօր նախատեսված ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովը: Քաղաքական հարցերը քննարկելու փոխարեն հրավիրյալներն ու կուսակցության ներկայացուցիչները որոշեցին գնալ Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցի։
«Ճիշտ այնպես, ինչպես հանրապետությունով մեկ բոլորի սրտում ու հոգում այսօր վիշտ է ու ցավ, նույնը մեզանում է և մենք պատրաստվում ենք այսօր մասնակցել սգո արարողություններին», - «Ազատությանը» հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, - «Անշո՛ւշտ, միջոցառումը կկայանա առաջիկայում՝ օրերս կհայտնվի լրացուցիչ դրա օրվա և ժամի մասին, բայց այսօր մենք պիտի մասնակցենք սգո արարողություններին, ես չեմ կարծում, որ որևէ այլ միջոցառում, որևէ այլ իրադարձություն տեղին է այս օրերին իրականացնելը»:
Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ չզրուցեց, միայն պատասխանեց հնչած այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը Գյումրու սպանդից հետո:
«Ամեն մարդ իր հոգու առաջ, իր աշխատանքի առաջ իր պատասխանը պետք է տա: Ամեն մեկը պետք է անի իր համար, մտածելով իր հոգու առաջ, ժողովրդի առաջ իր քայլերը», - ասաց Ծառուկյանը:
Նույն հարցին պատասխանեց խորհրդարանական ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Ըստ նրա՝ իշխանությունների ոչ ադեկվատ վարքագիծը զայրացրեց հանրությանը։
«Եթե հստակ տեսակետը մեր ասվեր, և ասվեր, որ մենք ձգտում ենք սրան, մենք անում ենք սա, դա բոլորովին այլ երանգ կստանար: Հասարակությունը բորբոքվեց, որովհետև չէր լսում որևէ հոդաբաշխ, նորմալ բացատրություն, պատասխան: Սկսեցին խոսել այն դեպքից հետո, երբ, ասենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց իր ցավակցությունը: Նման իրավիճակներում ցանկացած երկրում ժողովուրդը սպասում է ղեկավարի խոսքին», - ասաց մարգարյանը:
Կուսակցության ներկայացուցիչներից փորձեցինք պարզել՝ միանո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն Ավետիսյանների ընտանիքի և Գյումրիի փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարների պահանջին՝ 7 մարդու սպանության մեղադրյալ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ։
«Ես խնդրում եմ ինձ զերծ պահել այդ թեմայի շուրջ երանգավորումներից, քաղաքական կամայական ձևաչափի զրույցներից ու խոսակցություններից: Մեկ բան է պարզ՝ ամենախստագույն պատիժը պիտի կրի ոճրագործը և բոլոր մեղավորները, ովքեր ինչ-որ մի, գոնե փոքրիկ կերպով առնչություն են ունեցել նրան այդ հնարավորությունը ընձեռելու հարցում և վերջ», - մասնավորապես, ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, մինչդեռ, նշեց, հանրության պահանջը շատ տրամաբանական է։
«Հիմա, իհարկե, ես կարծում եմ, որ Հայաստանում դատելը ճիշտ է․ Հայաստանում է եղել դեպքը և հայ-ռուսական այդ զորամասի բազայի հետ կապված պայմանագրում ևս նման բաներ նախատեսված են: Մենք [ԲՀԿ ներսում] չենք ունեցել քննարկում, բայց ես կարծում եմ, որ բոլորի կարծիքը դա կլինի», - նշեց Մարգարյանը:
Թեև, դատելով ԲՀԿ-ի քաղխորհրդի ավելի վաղ տարածած հայտարարությունից, ԲՀԿ-ն էլ չէր պահանջում Հայաստանի իշխանություններից քայլեր ձեռնարակել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու ուղղությամբ՝ մասնագիտությամբ իրավագետ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ դրա համար կան իրավական հիմքեր, ինչից պետք է օգտվեին հայ իրավապահները։