Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսք է ուղղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառն իր խոսքում մասնավորապես ասել է. - «Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով։ Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին»։
Վեհափառը անհրաժեշտ է համարել այս ողբերգությանը միասնաբար դիմակայելը․ - «Միասնաբար պետք է դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին»:
«Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական Իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը: Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլևս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը և ապրի խաղաղության ու ապահովության մեջ», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: