Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:
Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը Ռուսաստանի իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: