Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Էրեբունու անձնագրայինի պետը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4 հազար 500 դոլար կաշառք: Դրանից հետո, ըստ հաղորդագրության, Արտյոմ Ս․-ն «շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել»:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պատիժը 7-ից մինչև 12 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, 314-րդ հոդվածը համեմատաբար ավելի մեղմ պատիժներ է նախատեսում: