Ժամանակին, երբ նավթի համաշխարհային գներն աճ էին գրանցում օրեցօր, մի շարք ավիաընկերություններ սնանկացան, օդուղիներից դուրս մնացին բազում թռիչքներ։ Ավիաընկերությունների եկամուտներն ապահովելու գործում ամենամեծ դերն ունի վառելանյութը՝ որևէ թռիչքի համար այն կազմում է նախատեսված բոլոր ծախսերի ավելի քան մեկ երրորդը։
Այս բնագավառի փորձագետ Փերրի Ֆլինթը նշում է, որ ավիաընկերությունները յուրաքանչյուր ուղևորի դիմաց ստանում են միայն 7 դոլարի եկամուտ։ Այդ առումով, ասում է նա, նավթի գների անկումը չափազանց մեծ նշանակություն ունի այս ընկերությունների համար։ Գների անկման արդյունքում այս տարի ընկերություններն ունենալու են մոտ 25 միլիարդ դոլարի եկամուտ անցյալ տարվա 20 միլիարդի դիմաց։
Ինչպես ավտոխանութների ընկերակցությունն է տեղեկացնում, 2Օ14 թվականին ԱՄՆ-ում մարդիկ շատ ավելի մեծ թվով ավտոմեքենաներ են գնել, քան անցած ութ տարիներին։
Ամերիկացիներն այսօր նորից սկսել են գնել ավելի մեծ ավտոմեքենաներ ու փոքր բեռնատարներ։ Ավտովաճառքով զբաղվող 14 հազար աշխատակազմն անցյալ տարի վաճառել է 24 հազար ավտոմեքենա:
Տնտեսական փորձագետներն ասում են, թե նավթի ցածր գները նպաստում են համաշխարհային տնտեսությանը, քանի որ մինչ այդ բենզինի համար վճարվող գումարները մարդիկ այսօր ծախսում են այլ ծառայությունների ու ապրանքների համար։ Սակայն տնտեսական աճը դեռևս շարունակում է տուժել ֆինանսական ճգնաժամի, պարտքերի ծավալների ու գործազրկության պատճառով։ Եվ միայն վառելանյութի գների անկումը բավարար չէ համաշխարհային տնտեսության վերականգնումն ապահովելու համար, ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը։
«Չնայած նավթի գների անկմանը և ԱՄՆ-ում տնտեսության նկատելի աճին, դեռևս զգում ենք այն քամու ուժը, որը փչում է ընդդեմ տնտեսական վերականգնման ուղին բռնած երկրների», - ասում է Լագարդը։
Նավթի ցածր գները մեծ խնդիր են նավթարդյունաբերող ընկերությունների համար, որոնք ստիպված են այսօր չեղյալ հայտարարել նախապես մշակված նախագծերը։ Ինչպես փորձագետներն են ասում, կացինը նախ կհարվածի ամենառիսկային ու թանկ նախագծերին, որտեղ նավթարդյունահանման ծախսերն ավելի բարձր կլինեն, քան նավթի ներկայիս ու սպասվող գները։