Մատչելիության հղումներ

ԵՄ-ն 77․5 միլիոն եվրո հատկացրեց Հայաստանին


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Գումարն ուղղված է Հայաստանի զարգացման ու բարեփոխումների ծրագրերին:

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստան - Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արարողությանը ներկա են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 միլիոն եվրո` 44 միլիարդ դրամ, ուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին:

«Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով։ Հայաստանը ցանկանում է պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան», - իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա հավելել է, որ դա սկզբունքային նշանակություն ունի թե՛ քաղաքական ինստիտուտների և պետական կառավարման մարմինների կատարելագործման և թե՛ տնտեսական զարգացման համար Հայաստանում բարենպաստ պայմանների ստեղծման առումով։

«Անցած տարեվերջին Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքվեց տարբեր ոլորտների աջակցության վերաբերյալ 8 համաձայնագիր: Ներկայում իրականացման փուլում են գտնվում Եվրոպական միության աջակցության շրջանակում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև ակնկալում ենք առաջիկայում է՛լ ավելի ընդլայնել այս գործիքի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները: Իմ գլխավորած կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրեն», - ասել է վարչապետը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, իր հերթին, նշել է, թե Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում:

Նա հավելել է, որ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով Եվրամիության միջոցների երկրորդ խոշոր շահառուն է:

Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 միլիոն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը։

Տարածքային զարգացման ծրագրով 10 միլիոն եվրոյով ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի՝ հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում, իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում Եվրամիությունն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 միլիոն եվրո): 4 միլինո եվրոյով Եվրամիությունը նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային՝ Հայաստանի և Եվրամիության միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում:

Մեկ այլ համաձայնագրով, կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 միլիոն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 միլիոն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 միլիոն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1 միլիոն եվրո):

Կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և Եվրոպական միության՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հանձնառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG