Մատչելիության հղումներ

Անկարայում Էրդողանն ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղի խնդիրը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Թուրքիայում դիմավորել են անսովոր արարողակարգով:

Սովորական պատվո պահակախմբից բացի, դիմավորման արարողակարգին մասնակցել են Օսմանյան Թուրքիայի տարբեր ժամանակաշրջանները արտահայտող ռազմական հագուստներով հանդերձավորված դերասաններ՝ միջնադարյան հագուստներով, սաղավարտներով, թրերով, իսկ ձեռքերին` այդ ժամանակաշրջանների դրոշներ:

16 ռազմիկները այդպիսով ներկայացնում են թուրքական նախկին կայսրության 16 մեծ ժամանակաշրջանները։ Մի կողմում նրանք էին կանգնած, մյուս կողմում՝ Թուրքիայի այսօրվա շքախումբը, իսկ նրանց միջև փիրուզագույն գորգ էր գցված, որի վրայով անցան Էրդողանն ու Ալիևը: Փիրուզագույն ուղեգորգը ևս նորություն է, որն արտահայտում է ծովի գույնը:

Այսպիսի ընդունելություն առաջին անգամ կազմակերպել էր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հունվարի 12-ի այցելության ժամանակ։ Ինչպես գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը, այս ձևը հնարավոր է ընդունված կարգ դառնա Թուրքիայի նախագահի նոր նստավայրում անցկացվելիք պաշտոնական բոլոր ընդունելությունների համար:

Հունվարի 15-ին Թուրքիայում անցկացվել է Թուրքիա - Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի թվով 4-րդ նիստը: Ըստ APA գործակալության՝ համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղի հարցի շուրջ։ Էրդողանը հայտարարել է, որ այս հարցում Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին։

Էրդողանը քննադատել է միջնորդներին: «Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հետ կապված մենք ստացել ենք վերջին տեղեկությունները։ Մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ, և չենք կարող համաձայնել նրա հետ, ինչ նրանք ասում են»,- ըստ ադրբեջանական գործակալության ասել է Էրդողանը։

Իլհամ Ալիևը ասել է, թե անցած տարիներին բանակցություններում որոշակի առաջընթաց էր արձանագրվել, բայց Հայաստանը «սադրիչ քայլեր է կատարել»։

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ևս չի կարողանում որևէ արդյունքի հասնել: Գործողություններ կան, բայց արդյունքներ չկան»,- դժգոհել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն տարածաշրջանային ամբողջականության շրջանակներում։ «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք»,- ասել է Ալիևը։

Համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահն ասել է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են զարգանալ, երկու երկրների դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է աճել և ամրապնդվել։

Ալիևն ասել է, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և մյուս ծրագրերը կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

Անկարայում երեք փաստաթուղթ է ստորագրվել։ Երկու նախագահները ստորագրել են հանդիպումն ամփոփող արձանագրությունը, իսկ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարելու համաձայնագիրը, ստորագրվել է նաև հուշագիր մաքսային հարցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG