Մատչելիության հղումներ

Երևանում ցուցարարները պաշտպանում են գյումրեցիների պահանջները


Կեսօրին Երևանում մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով, որ 6 մարդու սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Պերմյակովը դատվի հայաստանյան դատարանում:

Ակտիվիստները միացել էին Գյումրիում ցուցարարների պահանջին՝ հայտարարելով, որ իրենց բոլորին միավորում է և՛ վիշտը, և՛ այդ պահանջը․ - «Գյումրին պիտի զգա, որ կայծակնային արագությամբ այստեղ էլ պիտի արձագանքենք, Երևանում»:

Ակտիվիստների կարծիքով՝ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստայանը Գյումրի էր գնացել՝ մարդկանց մոլորեցնելու, համոզելու որ ամեն ինչ կարգին է:

Ցուցարարներից Վաղինակ Շուշանյանն ասաց, թե դատախազի ասուլիսից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն քայլեր ձեռնարկել, որպեսզի Պերմյակովին այստեղ դատեն․ - «Հայաստանի իշխանությունները ռուս ազգի ձեռքին ուղղակի կատարածուներ են, և ոչ մի կատարածու երբևէ չի ապստամբի իր տիրոջ դեմ»:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն ռուսական բանակի մյուս պատասխանատուները, որոնց թողտվության պատճառով զինված Պերմյակովը դուրս է եկել ռազմակայանի տարածքից․ - «Պետք է պատժվի ոչ միայն ոճրագործը, այլև նրանք, ովքեր մարդասպանին ուղարկել են Հայաստան: Այդ ամբողջ կազմը, ովքեր պատասխանատու են այս ամեն ինչի համար»:

Դավիթ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները արդեն քանի օր է լռում են․ - «Եվ այստեղ ուզում եմ դիմել Հանրապետականի երիտթևին: Որ այդպես հպարտ ու բարձրագոչ Հունգարիայի դեսպանատան վրա ձվեր էիք նետում, նույնը ինչո՞ւ հիմա չեք անում: Այն ժամանակ դուք պահանջում էիք, որ Հունգարիան չհանձնի ազեր հանցագործին Ադրբեջանին, հիմա էլ քնած ժամանակ գնդակահարվել են վեց Հայաստանի քաղաքացիներ․․․ Ինչո՞ւ չեք պահանջում նույն ձևով, որ հիմա էլ չհանձնվի այդ ոճրագործը, որը ոչնչով չի տարբերվում Ռամիլ Սաֆարովից»:

XS
SM
MD
LG