ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ-ի առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով առաքելության ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: