Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է, փոխանցում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հաղորդագրության համաձայն, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:
«Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա։ Շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը։ Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար», - ասված է նախարարության հաղորդագրությունում։