Սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ փոխհամաձայնության գալու այլընտրանքը արյունահեղությունն է, համոզված է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր հրավիրված ասուլիսում Ռուստամյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեցին ՀՅԴ առաջարկները՝ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։ Ըստ այդմ, առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական հանրապետության և Ազգային ժողովն էլ ձևավորել համամասնական ընտրակարգով:
Հարցին՝ եթե իշխանությունների հետ բանակցությունները ձախողվեն, ի՞նչ է անելու Դաշնակցությունը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Եթե ձախողվեցին, գնալով երկիրն էլ է գահավիժելու, ուրիշ լուծում չկա այսօր, ուրիշ լուծումը անորոշություններն են անկանխատեսելի զարգացումներն են, ինչու ոչ, առճակատումներն են, արյունահեղություն է»։
Ռուստամյանին հիշեցրեցինք ոչ իշխանական ուժերից հնչող քննադատությունը, թե «Հանրապետականներ»-ը նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունները և մտադիր են Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության, որեպեսզի արդեն նոր, օրինակ, Ազգային ժողովի նախագահի կարգավիճակով Սերժ Սարգսյանը կարողանա պահել իշխանությունը: Ռուստամյանը թերահավատ էր նման հնարավորության նկատմամբ. - «Ես չեմ տեսնում նման հնարավորություն, եթե կատարվի այն, ինչ այս հայեցակարգով մենք ասում ենք»։
«Մենք սրա տակ մեխանիզմներ ենք դրել, եթե այդ մեխանզիմները ամրագրվեն, վստահ եմ՝ ունենալու ենք բոլորովին այլ որակի իշխանություն՝ անկախ անձանցից, թե ով, որտեղ է», - ասաց Արմեն Ռուստամյանը:
«Եվրամիության երկրների 80 տոկոսից ավելը խորհրդարանական համակարգ ունի, և սա պատահական չէ, հարգելիներս։ Այդ համակարգը տալիս է որոշումների կայացման կոլեգիալականություն, որն այսօր Հայաստանում բացակայում է։ Մեկ անձ է որոշում. այդ անձը ով էլ ուզում է լինի, այդ անձն է որոշելու, եթե այս համակարգը պահպանվի։ Սա արդեն փոփոխություն է հսկայական առաջացնելու», - ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե այս փոփոխություններից հետո ընտրություններ չե՞ն կեղծվի, Ռուստամյանը պատասխանեց, - «Ո՛չ, գիտեք, կեղծիքներ միշտ էլ կարող են լինել։ Ամերիկայում էլ են կեղծիքներ անում»։
Ռուստամյանը նաև խորհուրդ տվեց. - «Համեմատեք այսօրվա իշխանության համակարգն՝ իր գերկենտրոնածվածությամբ, և համեմատեք այն, ինչ-որ կդառնա այս փոփոխությունից հետո։ Կտեսնեք, որ իշխանությունն, այդ իմաստով, թուլանում է, իսկ ընդդիմությունն ի՞նչ է ուզում. ընդդիմությունն ավելի հեշտ կպայքարի՞ ավելի ուժեղ և կենտրոնացված իշխանության դեմ, թե՞ կպայքարի ավելի հավասարակշռված, ըստ էության, թուլացված իշխանության դեմ։ Մենք ավելի մեծացնում ենք հնարավորությունը ընդդիմադիր պայքարի»։
Դիտարկմանը, թե լրատվամիջոցներում կարելի է հանդիպել գնահատականների, որոնց համաձայն սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու Դաշնակցության նպատակը իշխանություն վերադառնալն է, Ռուստամյանն այսպես արձագանքեց․ - «Խնդիրը ինքնանպատակ կամ պրիմիտիվ էդ պատկերացումով, իշխանության գալու, կոալիցիա մտնելու խնդիր չէ։ Այսօր էլ դժվար չէ, եթե մենք ուզենանք կոալիցիա մտնել, կմտնենք, կամ ինչո՞ւ դուրս եկանք, կմնայինք, հարցը դա չէ, մենք հասկանում ենք, որ երկրում կան լուրջ պրոբլեմներ, իսկապես կուտակված է շատ լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ էդ լուծման դեղատոմսերը և առաջարկները, համոզումով, Դաշնակցությունը ունի։ Այո՛, եթե մենք ունենանք այնպիսի մի կարգավիճակ, որ այն ինչ-որ մենք ձեզ ասում ենք, սա իրականացնելու առանց խոչընդոտ հնարավորություն ունենանք, վաղն էլ այդ հնարավորությունը կօգտագործենք»։
Վերդառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ուղղակի հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը դեռ անցած տարվա հոկտեմբերի 15-ին նախագահ Սարգսյանին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Նախագահի մամուլի քարտուղարը երկու օր անց հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին։