Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում մասնակցել է ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։
Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նալբանդյանը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով Հայաստանի նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։