Մատչելիության հղումներ

Օդագնացության անվտանգության հարցը բարձրացվում է միջազգային մակարդակով


Օդային ուղիների պաշտպանության հարցերով մասնագետները փորձում կիրառության մեջ դնել նոր սարքավորումներ, օդանավերի կործանումները կանխելու, իսկ կործանման դեպքում դրանք շուտ հայտնաբերելու համար:

2009 թվականին Ատլանտյան օվկիանոսում կործանվեց «Էյր Ֆրանսին» պատկանող օդանավը: Դրա ձայնագրիչ սարքերը հայտնաբերելու համար պահանջվեց մոտ երկու տարի:

Հնդկական օվկիանոսում տասն ամիս առաջ անհետ կորավ «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող մարդատար օդանավը, որից մինչ այժմ ոչինչ չի հայտնաբերվել:

Երկու շաբաթ է անցել AirAsia-ին պատկանող օդանավի կործանումից, սակայն որոնման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Շատ չեն այն դեպքերը, երբ չեն հայտնաբերվում կամ ուշ են հայտնաբերվում կործանված օդանավերի մասերը, սակայն այս բնագավառում հարկավոր է իրականացնել լուրջ փոփոխություններ, ասում են մասնագետները: Քաղաքացիական օդագնացության միջազգային կազմակերպությունը շուտով փորձելու է փոփոխության ենթարկել օդանավերի հետապնդման չափանիշները:

Տեխնոլոգիական փոփոխություններից մեկը յուրաքանչյուր օդանավի համար նախատեսում է գրանցման սարք, որը որևէ մեկն օդանավում չի կարող անջատել, ինչը մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մալայզիական օդանավի դեպքում: Մասնագետներն առաջարկում են, որ յուրաքանչյուր օդանավ իր գտնվելու տեղանքի մասին արբանյակների միջոցով հաղորդի ոչ թե ժամը մեկ անգամ, ինչպես դա արել են մինչ այժմ, այլ ամեն 15 րոպեն մեկ: Բրիտանական արբանյակային հաղորդակցությունների Inmarsat ընկերությունն այս ծառայությունն առաջարկում է անվճար:

ԱՄՆ-ում այսօր արդեն սկսվել են սև արկղերը գործածությունից հանելու աշխատանքներ, քանի որ դրանց մարտկոցները լիցքավորված են մնում առավելագույնը 30 օր: Նոր սարքավորումների մարտկոցներն ունենալու են 90 օրվա կյանք:

Ինչպես ԱՄՆ-ի Օդագնացության վարչության պաշտոնյա Մայքըլ Հուերթան է ասում, որևէ փոփոխություն պիտի ունենա համապատասխան չափանիշներ, քանի որ սա միայն մի երկրի վերաբերող հարց չէ, այլ պիտի համապատասխանի ամբողջ աշխարհի երկրների պահանջների հետ:

Իհարկե, նոր ու ավելի երկարակյաց մարտկոցները կամ նոր սարքերը չեն, որ պիտի փրկեն կործանվող օդանավերում գտնվող մարդկանց կյանքը: Սակայն դրանք գոնե թույլ կտան շուտ հայտնաբերել կործանման վայրը և կօգնեն հարազատներին, ովքեր պիտի նախընտրեն ճշմարտությունն իմանալ ավելի վաղ, քան ամիսներ ու տարիներ անցկացնել տանջալից սպասումներով:

Մասնագետներից շատերն էլ ասում են, թե հարկավոր է կենտրոնանալ ոչ թե կործանումից հետո հայտնաբերող, այլ այդ կործանումները կանխարգելող սարքերը զարգացնելու աշխատանքների վրա:

Փորձագետ Ռիչարդ Աբուլաիֆան ասում է, թե հարկավոր են տարբեր երկրների օդանավակայանների միջև հաղորդակցության ավելի լայն հնարավորություններ, մարդու կողմից ավելի մեծ վերահսկողություն, ավելի լայն տեղեկություններ ոչ միայն ուղևորների, այլ նաև օդաչուների ու անձնակազմի անդամների մասին:

Իսկ մինչ այս բոլոր հարցերը կարգավորելը, ներկա պահին առաջնային ուշադրությունը հատկացվում է այն սարքի կիրառությանը, որն օդանավի գտնվելու վայրը գրանցում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG