Այսօր ժամը 11:40-ի սահմաններում Գյումրիում բարձրացած ուժեղ քամին շրջել է քաղաքի գլխավոր տոնածառը: Վնասը միայն նյութական է. 24 մետր բարձրություն ունեցող տոնածառի երկաթյա հիմնակմախքը հենց հիմքի մոտ կոտրվել է ու տոնածառը շրջվել է:
Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները ապամոնտաժում էին արդեն շրջված տոնածառը: Քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, «Ազատության» հարցին, թե կվերականգնվի՞ արդյոք քաղաքի գլխավոր տոնածառը, արձագանքեց․ - «Հիմա հավաքում ենք, որովհետև ծռմռվել է, հիմա չեմ կարող ասել, որովհետև վնասը չեմ կարող ասել, թե ինչքան է»:
Սանոյանը նշեց, որ նման ուժգնության քամուն պատրաստ չէին․ - «Ճիշտն ասած, շատ ուժեղ քամի էր, էսպիսի քամի չէր եղել: Մենակ էս տոնածառը չէ, էս ուղղությամբ, որ նայեք, մյուս տոնածառերը՝ փոքրերը, բոլորն էլ թեքված են»:
Քաղաքապետի տեղակալին հարցրինք, թե որքան գումար էր ծախսվել քաղաքի գլխավոր տոնածառը զարդարելու համար:
«Ընդհանուր քաղաքի մասշտաբով մոտ 50 տոնածառ կա տարբեր մասերում, մոտ 10 միլիոն դրամի կարգի», - ասաց Սանոյանը:
Չնայած ցուրտ եղանակին շատերն իմացել ու եկել էին Վարդանանց հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես էր շրջվել քաղաքի գլխավոր տոնածառը: Գյումրեցիները նշում էին որ նոր տարին այս տարի Գյումրիում շուտ ավարտվեց: