Ստեփանծմինդա - Լարս ճանապարհին ձնաբքի տակ են մնացել և զոհվել են Սևանի երկու բնակիչներ:
Նրանց մահվան երկու վարկած է շրջանառվում՝ ցրտահարությունը կամ թունավոր գազերի արտահոսքը, ինչի աղբյուր կարող էր հանդիսանալ մեքենայում տևական ժամանակ միացված տաքացուցիչը։
Դիակները դեռ Հայաստան չեն տեղափոխվել, «Ազատության» հետ զրույցում ասաց զոհվածների հարևաններից մեկը՝ Յուրա Գալստյանը:
«Ինձ ասել են, որ մեքենայի մեջ մնացել են երկուսով՝ իրենց սեփական մեքենան, որ գնում էր: Մնացել են մեքենայի մեջ, ձյունը եկելա լրիվ ծածկելա չորս կողմը, գազը լցվելա մեքենայի մեջ՝ խեղդվել են», - պատմեց հարևանը:
Հարազատների փոխանցմամբ, մահացածները Ռուսաստան էին ուղևորվում սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով։
«Ազատության» հետ զրույցում Յուրա Գալստյանը պատմեց, որ զոհվածներից 1963թ. ծնված Շահեն Հարությունյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից էր:
«Պարտքեր ունեին, Շահենը գնում էր պարտքերը փակելու համար աշխատելու: Այդպես էլ չաշխատեց․․․ », - պատմեց Յուրա Գալստյանը, - «Հաշմանդամ էր, պատերազմի մասնակից․․․ և՛ ինքը, և՛ քույրը․․․ հայրը անկողնային հիվանդ է, մայրը՝ հիվանդ է: Չորսով իրար հետ էին ապրում, քրոջ թոշակով և հոր ու մոր թոշակով»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, այս պահին էլ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ըստ նախարարության՝ Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատվածում ձնաբքի արգելափակումից դուրս է բերվել ավելի քան 200 մեքենա։
«Մենք ամեն ինչ անում ենք մարդկանց տարհանելու համար, մեր տեղեկություններով տարահանումն արդեն ավարտված է և բոլոր մարդիկ դուրս են բերվել», - նշեց նախարարության ներկայացուցիչը: