Մատչելիության հղումներ

Պուտինի հրամանագրով օտարերկրացիները կարող են ծառայել Ռուսաստանի զինված ուժերում


Ռուսաստանցի զինակոչիկները Մոսկվայի Ժելեզնոդորոժնի զինվորական հավաքակայանում, արխիվ
Ռուսաստանցի զինակոչիկները Մոսկվայի Ժելեզնոդորոժնի զինվորական հավաքակայանում, արխիվ

Հունվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագրով այլ երկրների քաղաքացիները կարող են պայմանագրային զինծառայություն անցնել Ռուսաստանի զինված ուժերում կամ ներքին զորքերում: Պայմանագիրը կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները առնվազն 5 տարի ժամկետով: Նրանք որոշ չափով պետք է տիրապետեն ռուսերենին, քրեական անցյալ կամ դատվածություն չպետք է ունենան:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետներ Պավել Ֆելգենհաուերը և Ալեքսանդր Գոլցը BBC-ին ասել են, որ նոր պայմանագիրը օրինականացնում է այն, ինչը տարիներով գոյություն է ունեցել:

«Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Կովկասում, Մերձդնեստրում, Կենտրոնական Ասիայում տեղաբաշխված ռուսական զորքեր կան, որոնց կազմում ծառայում են նաև տեղացիներ, և նոր պայմանագիրն ավելի հեշտ է դարձնում տեղացիներին ռուսական բանակում ընդգրկելը: Նախկինում նրանք պետք է Ռուսաստանի քաղաքացիություն ունենային, հիմա նրանք կարող են օրինական ծառայել՝ առանց Ռուսաստանի քաղաքացիության», - նշել է Ֆելգենհաուերը:

Իսկ Ալեքսանդր Գոլցն ասել է, որ մոտավորապես 3 հարյուր օտարերկրացի արդեն իսկ ծառայում է Ռուսաստանի զինված ուժերում:

Պավել Ֆելգենհաուերը նախկին մի շարք օրինակներ է բերել: 1990-ականներին Տաջիկստանում տեղի ունեցած անհանգստությունների ժամանակ հազարավոր տաջիկներ ծառայել են ռուսաստանցի սպաների հրամանատարության ներքո: Այս պահին Ռուսաստանը ռազմակայան է պահում Հայաստանում զորախմբեր՝ Հարավային Օսիայում, Աբխազիայում:

«Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողին Կենտրոնական Ասիա ուղարկելը թանկ է նստում, ավելի գործնական է տեղացի վերցնելը», - ասել է փորձագետը՝ ուշադրություն դարձնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին:

Ֆելգենհաուերի կարծիքով Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո Կենտրոնական Ասիայում հնարավոր է սպառնալիքներ առաջանան, այնպես որ հարկ կլինի մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունն այդ տարածքում:

Ալեքսանդր Գոլցը նշել է, որ պայմանագրային զինծառայողի ամսական աշխատավարձը 30 հազար ռուբլի է՝ մոտավորապես 500 ԱՄՆ դոլար, և ծանր տնտեսական ժամանակաշրջանում դա գայթակղիչ է ռուսական բանակին միանալու համար, ինչպես նաև հեռանկարում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալն է:

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը հաղորդում է, որ հարյուրավոր տաջիկներ արդեն իսկ ծառայում են ռուսական զորքերում՝ հսկելով Աֆղանստանի հետ սահմանը:

Դուշանբեից մի երիտասարդ ասել է, որ ռուսական բանակում աշխատավարձով ծառայելը գերադասելի է, քան Ռուսաստանում միգրանտի կարգավիճակով աշխատելը:

Ռուսական բանակում օտարերկրացիների օրինական ծառայելու նոր համաձայնագրում նշված է, որ պատերազմական իրավիճակների ժամանակ նրանց կարող են ուղարկել պատերազմական գոտի:

Պուտինի հրամանագիրն ուղղակիորեն չի կապվում Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հետ: BBC-ն հաղորդում է, որ ռուս անջատականների կողքին կռվում են արտասահմանցի կամավորներ, բայց Մոսկվան հերքում է կանոնավոր, լավ մարզված ջոկատներ և ծանր զրահատեխնիկա Ուկրաինայի արևելյան շրջաններ ուղարկելու Արևմուտքի պնդումները:

Վերլուծաբանները նշում են, որ Պուտինի հրամանագիրն ուղղված է նաև Ռուսաստանի զինված ուժերը պրոֆեսիոնալ դարձնելուն: Մասնավորապես նման կարծիք է հայտնել BBC-ի վերլուծաբան Ջոնաթան Մարկուսը՝ հավելելով, որ այդ հրամանագիրը դիվանագիտական հետևանքներ չի ունենա հետխորհրդային երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա:

Ռուսաստանի բանակում օտարերկրացիների ծառայության մասին օրինագիծը 2010 թվականից տեղադրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, բայց այն ժամանակ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չստորագրեց այն:

Այս տարի, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը մի քանի շաբաթ անց Ռուսաստանի միգրանտների միության նախագահը դիմեց Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որ միգրանտ աշխատողները ռուսական բանակում ծառայելու իրավունք ունենան: Այդ միության ղեկավարի խոսքով շուրջ 100 հազար միգրանտներ պատրաստ են աշխարհի ցանկացած վայրում պաշտպանել Ռուսաստանի շահերը: Սա նաև մեկնաբանվում է որպեսմիգրանտների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու միջոց, ովքեր այդ երկրում ապրում և աշխատում են առանց իրավական և սոցիալական պաշտպանվածության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG