Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության 2015 թվականի մարտահրավերները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

2Օ14 թվականից ԱՄՆ-ին բաժին են հասել միջազգային ասպարեզում կիսատ մնացած մի շարք հարցեր ու խնդիրներ` Աֆղանստանը, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը, Իրանը, Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան։

2014 թվականի ավարտին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ազդարարեց Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմի ավարտը՝ հայտարարելով, թե 13 տարի տևած աֆղանական պատերազմն ավարտված է։

Սակայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հայտարարում են, թե 2015 թվականի սկիզբը չի նշանակում ամերիկյան օժանդակության ավարտ։ Ինչպես Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին է ասել, դեկտեմբերի 31-ն ամենևին չի նշանակում, որ մենք այստեղից լիովին հեռանում ենք։ «Մենք դեռևս մնալու ենք այստեղ»,- հայտարարել է նա։

Այստեղ մնացած ամերիկյան ավելի քան 10 հազար զինվորականները պիտի շարունակեն օժանդակել Աֆղանստանի զորքերին մարզումների ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Իսկ այս օժանդակության կարևորությունն այսօր ավելի է ընդգծվում, երբ Թալիբանն ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում է իր հաղթանակը և նոր հարձակումներ իրականացնում տեղի ուժերի ուղղությամբ։

2014-ից ԱՄՆ-ի համար 2015 թվական է փոխանցվել նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը շարունակելու պարտավորությունը։ Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան Փոլ Սեյլըմը հավատացած է, որ Իրաքը քրդական ուժերի ու Իրաքի ազգային բանակի գործողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի օժանդակությամբ 2015 թվականին կգրանցի նկատելի առաջընթաց այս խմբավորմանը պարտության մատնելու գործում։

Մյուս ամենակարևոր հարցն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է։ ԱՄՆ-ը պիտի շարունակի ջանքերը, որպեսզի աշխարհի գերհզոր մյուս հինգ պետությունների հետ միասին կարողանա հուլիս ամսին համաձայնության գալ Իրանի հետ անցկացվող բանակցություններում։ Սակայն Կոնգրեսը, որտեղ 2015 թվականին արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները, կարող է ձգտել Իրանի դեմ նոր պատժամիջոցների, ինչը, շատերի կարծիքով, կարող է բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ամերիկյան պատժամիջոցներն այստեղ էական նշանակություն ունեն, քանի որ դրանց արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը կրում է մեծ կորուստներ՝ ի պատասխան Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության։

«Բայց մեր նպատակը Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելը չէ», - ասում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Էրիք Ռուբինը, ում խոսքերով՝ որևէ մեկը չի ցանկանում վերջ դնել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Վաշինգտոնն էլ հայտարարում է, թե պատժամիջոցները կմեղմվեն, եթե ի շարս այլ պայմանների, Ուկրաինայի տարածքից դուրս բերվեն ռուսական բոլոր զորքերը։

2Օ15 թվականի խնդիրների շարքում չի կարելի անտեսել Հյուսիսային Կորեան, որի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին հրահանգով նախագահ Օբաման հանդես եկավ նոր տարվա երկրորդ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG