Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է «լարվածության որոշակի թուլացում»:
«Երեկ գիշեր մոտ 200 անգամ հակառակորդը խախտել է հրադադարի ռեիժիմը։ Այս գիշեր՝ մի փոքր ավելի պակաս։ Ըստ էության, որոշակի լարվածություն կա, բայց նաև լարվածության թուլացման միտում կա», - «Ազատության»-ը փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը «հերյուրանք» անվանեց Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, ըստ որի հունվարի 3-ին հայկական զինված ուժերը գնդակոծել են սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերը:
«Ադրբեջանը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ տոնական օրերի ամբողջ ընթացքում պահպանեց այդ լարվածությունը։ Պատասխանը լինելու է համարժեք, և, կարծում ենք, պատասխանատվությունը կմնա իրենց վրա», - ասաց Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, հունվարի 3-ի գիշերը ժամը 3:15-ի սահմաններում շփման գծի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն երկու հարձակումներ, սակայն հայկական ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել:
«Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը», - ասված էր ԼՂ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենց համագյուղացի՝ Վոլոդյա Հարությունյանի վիճակը «նորմալ է, կայուն, գիտակցությունն էլ տեղն է» և նա այժմ գտնվում է Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում զինվորական պատվով հողին հանձնեցին ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհված 19-ամյա զինվոր Վարդան Մկրտչյանի դին:
Վարդանին հրաժեշտ տալու էին եկել ողջ գյուղով, ներկայացուցիչներ կային Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչություններից:
Համագյուղացիները ասում էին՝ Վարդանը «համեստ, սովորող տղա էր»:
«Շատ խելացի, գրագետ, սովորում էր ԱԻՆ ինստիտուտում, լավ ուսանող էր, շատ լավ երեխա էր, շատ լավ մարդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը։