ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում քննադատել է տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, խուսափելով, սակայն, մեղավորների մատնանշելուց:
«2015 պետք է դառնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման տարի: Բախումների վերսկսումը խնդրի լուծում չէ», - գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հունվարի 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որոնք հետ են մղվել հայկական կողմից: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: Բացի այդ, հունվարի 4-ին և 5-ին, նույն աղբյուրի տեղեկացմամբ, հրադադարի ինտենսիվ խախտումները շարունակվել են: