Այս շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը նորից անկում արձանագրեց: Փորձագետների կարծիքով, չնայած ֆինանսական համակարգը կայունացնելու՝ Կառավարության խոստումներին, երկիրը շուտով հայտնվելու է տնտեսական հապաղման փուլում։
Ռուսաստանում մի կողմից շողում են Նոր Տարվա լույսերը, մյուս կողմից մարում են տնտեսությունը ճգնաժամից զերծ պահելու հույսերը։
Մի իրադրություն է, ասում է տնտեսագետ Ուրի Դադուշը, որը մինչև բարելավվելը դեռ պիտի շարունակի վատթարանալ։ Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբանի խոսքերով, տնտեսական հապաղումից հետո երկրին սպասվում է նաև տնտեսական ճգնաժամը։
Ներդրողները Ռուսաստանից արդեն դուրս են բերել 100 միլիարդ դոլար։ Ռուբլին կայունացնելու և բանկերին փրկելու նպատակով Մոսկվան կտրուկ բարձրացրել է տոկոսադրույքները և հայտարարել դեպի ռուսական բանկեր 20 միլիարդ դոլար մղելու ծրագրերի մասին։ Փոխվարչապետ Իգոր Շուվալովի խոսքերով, այս ամենը արդյունքում՝ «արդեն իսկ կայուն բանկային սեկտորն ավելի կկայունանա»։
Սակայն որևէ նոր հարված կարող է մեծապես վնասել ռուս սպառողներին։ Արդեն ակնհայտ է ներկրված ապրանքների գների աճը։
Տնտեսագետներն այս ամենի համար մեղադրում են Մոսկվային, որը գրեթե ոչինչ չի արել երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ու հենվել միայն էներգակիրների արդյունահանման վրա։ Իսկ այն բանի համար, որ նավթի համաշխարհային գների անկման և Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքում Ռուսաստանի դեմ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել, Ռուսաստանը պիտի մեղադրի ինքն իրեն։ Այս կարծիքն է արտահայտում ԱՄՆ-ի Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Ջեյսըն Ֆուրմանը։
ԱՄՆ-ը, որը Մոսկվայի հետ չունի առևտրային խոշոր կապեր, այս երկրի տնտեսության անկման արդյունքում չի կրի նկատելի վնասներ։ Հիմնական վնասը կկրեն Չինաստանն ու Եվրոպան, ինչպես նաև ռուսական տնտեսությունից մեծապես կախյալ վիճակում գտնվող այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Ռուսաստանի սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող ֆիննական տուրիստական Լապինրատան այսօր չունի ռուս զբոսաշրջիկներ, և որպես դրա հետևանք, այստեղ շուտով փակվելու է ավելի քան հազար խանութ։
Եթե նույնիսկ նավթի գները բարձրանան և հանկարծ Պուտինն էլ փոխի Ղիրիմի նկատմամբ քաղաքականությունը, միևնույնն է, Ռուսաստանից տարիներ են պահանջվելու տնտեսությունը վերականգնելու համար։ Վերլուծաբան Դադուշի խոսքերով՝ «հիմնականում տուժելու են ու երկար են տուժելու Ռուսաստանի միջին ու աղքատ խավի մարդիկ»։
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասում է, թե իրենք ժամանակին շատ ավելի վատ պայմաններում են հայտնվել ու հաղթահարել դրանք։ Պատմությունը, ասում է նա, ցույց է տվել, որ ռուս ժողովուրդը կարող է հաղթահարել նաև այս դժվարությունը, «որից դուրս է գալու ավելի ուժեղ, քան նախկինում էր»։
Թող դուրս գա արագ, որ չտուժեն մյուսները, ասում են փորձագետները ու ավելացնում, սակայն ավելի ուժեղ լինելու դեպքում էլ իրեն չհամարի անպարտ, քանի որ նորից տուժելու են և՛ մյուսները և՛ իրենք։