Եվս մեկ օր, և կկայանա հին ու նոր տարիների հանդիպումը, ու մինչ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները անցնող տարին համարում են բեկումնային՝ լի քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ռազմական իրադարձություններով, շարքային քաղաքացիներն առանձնապես քաղաքական բարդ գործընթացների մեջ խորամուխ չեն լինում։
Նրանց ձևակերպմամբ, ոչ իշխանափոխության կոչեր անող ընդդիամդիրները, ոչ Ազգային Ժողովում աղմկահարույց ելույթ ունեցողները, ոչ էլ ժողովրդի դարդ ու ցավի մասին պարբերաբար բարձրաձայնող պաշտոնյաներն առանձնապես իրավիճակ չփոխեցին։
Տարվա ամենահիշվող քաղաքական իրադարձությունը երևանցիներից շատերի համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն էր։ Այս կառույցի մասին առանձնապես չտեղեկացված քաղաքացիները մինչդեռ կամ չէին շտապում Հայաստանի անդամակցությունը որպես ձեռքբերում որակել, կամ պուտինյան նախաձեռնությամբ ստեղծված այդ միությունը շփոթում ու նույնականացնում էին այլ կառույցների հետ։
Եթե ձեռքբերումների հարցում մարդիկ փոքր-ինչ դժվար էին կողմնորոշվում, ապա ավարտվող տարվա թերություններն ու բացասական երևույթները մատնանշելում որևէ դժվարություն չկար․ քաղաքացիների գնահատմամբ, առաջին հորիզոնականում ֆինանսական կորուստներն ու անընդհատ իրենց մասին զգացնել տվող թանկացումներն էին։
Իշխանության ներկայացուցիչներին աստղաբաշխական միլիոններ վերագրող մարդիկ նշում էին, որ նոր տարին դիմավորելու են ուրախ տրամադրությամբ և պաշտոնյաներից ոչ մեկի տոնական սեղանը չեն փոխարինի իրենց ունեցածով։ Իսկ ավանդական խոզի բուդ, թփով տոլմա, թե կոկորդիլոսի միս կուտեն, դա նրանց համար միևնույնն է: