Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերը հետախուզել են առաջնագիծը, պարզել, որ դիվերսիոն գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, սակայն հայկական կողմը կանխել է հակառակորդի առաջխաղացման փորձերը, նրան հասցրել կորուստներ և ստիպել նահանջել ելման դիրքեր: