2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ ջավախքցիներ, որ երկքաղաքացիություն էին ձեռք բերել՝ ստանալով ՀՀ անձնագրեր, այսօր լուրջ խնդիրների առջև են հայտնվել: Այստեղ քիչ չեն մարդիկ, ովքեր, Հայաստանի քաղաքացիություն ստանալով, հրաժարվեցին Վրաստանի քաղաքացիությունից:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանում փոխված միգրացիոն օրենքով, երկքաղաքացիության կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիները մեկ տարվա ընթացքում իրավունք ունեն ընդամենը 90 օր լինել սեփական տանը:
«Հայկական պասպորտ ունեցողը իրեք ամիս իրավունք ունի մնալու հոս: Ընտանիքը հոս է, բայց իրեք ամիս ունի», - «Ազատութան» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի տղամարդ, որը ունի և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն: - «Մեկից պտի հրաժարվես․ կա՛մ Հայաստանի, կա՛մ Վրաստանի: Ախլքալաքցին Հայաստանի քաղաքացիություն հրաժարվի, Ռուսաստանի չի կարա էթա: Անոթի պտի մնա»:
Մեկ այլ տղամարդու խոսքով՝ ավելի լուրջ է այն մարդկանց վիճակը, ովքեր միայն ՀՀ քաղաքացիություն ունեն․ - «Ստիպված արել ա հայկական պասպորտ: Հիմա էդ մարդը հայկական պասպորտով եկել է տուն, իրեք ամիս պիտի մնա․․․ Ներքին կարգով երկու խորհրդարանները մի բան պիտի որոշեն, թե չէ էս հայ ժողովրդիս դրությունը ստեղ մի քիչ լուրջ է»:
«Եվ ամենավատն այն է, որ փաստորեն Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում մեր վիճակը ինչ-որ ձևով թեթևացնելու, վրացական իշխանությունների հետ համագործակցելու ուղղությամբ: Դատարկ, դեկլարատիվ հայտարարություններ են ընդունում, ոչ մի արդյունք չի տալիս․․․ Հասարակ բան, այդ երկքաղաքացիության խնդրում․ ասին, ասին, ոչ մի բան չարեցին: Բայց էդ խնդիրը լուծել է պետք, չէ՞: Ու Հայաստանը ոչինչ չի անում, որ վրացական իշխանությունների հետ լեզու գտնի, ինչ-որ ձևով օգնի, աջակցի», - դժգոհեց «Ազատության» առաջին զրուցակիցը:
Անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թբիլիսիում Վրաստանի իշխանությունների առջև բարձրացրել է այս հարցը, և վրացական կողմը խոստացել է խնդրին լուծում տալ 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Ըստ որոշ տեղեկությունների, ջավախքցիների շուրջ 40 տոկոսը հայկական անձնագիր ունի: