Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանի առողջության վատթարացման պատճառով դատական նիստը հետաձգվեց


Դերասան Վարդան Պետրոսյանի առողջության վատթարացման պատճառով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատական նիստը չկայացավ:

Նախքան նիստի մեկնարկը, դատարանի շենքի մոտ շտապօգնության մեքենա էր ժամանել: Բուժաշխատողի՝ Պետրոսյանի մոտից հեռանալուց հետո դատական նիստը մեկնարկեց, և գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ներկայացնելով Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանքը, որոշեց հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով արդեն հաջորդ տարվա հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը 13 միլիոն դրամի չափով փոխհատուցում էր պահանջել ամբաստանյալ Պետրոսյանից:

Պաշտպանական կողմի համար հայցապահանջը հստակ հիմնավորված չէր: Ըստ Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ ԱՊՊԱ ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր տուժողի համար 3 միլիոն դրամ է հատկացնում, ուստի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ հարցում ուղարկել կոնկրետ ընկերությանը և պարզել՝ որքան գումար է տրամադրել ապահովագրական ընկերությունը տուժողներին:

Դատավորը բավարարել էր միջնորդությունը:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG