Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը «հնարավոր է» մասնակցի Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 24-ը դեկտեմբերի, 2014թ.
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 24-ը դեկտեմբերի, 2014թ.

Արմեն Մարտիրոսյանը հուսով է՝ խորհրդաժողովը կնպաստի, որպեսզի երեք ընդդիմադիր ուժերը ճշտեն իրեց գործողությունների վերջնական օրակարգը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգություն»-ը հնարավոր է մասնակցի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, թեև հարցը կուսակցության շրջանակներում դեռ չի քննարկվել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն օրեր առաջ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հունվարի 20-ին տարբեր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և շարժումներին հրավիրում է խորհրդաժողովի՝ քննարկելու երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը։

«Ասեմ, որ մենք բաց ենք ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումներին, օրինակ՝ մենք կազմակերպեցինք սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկում, և «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերները մասնակցել են այդ քննարկմանը։ Բացի դա, ես կարծում եմ, որ մեր տեսակետը հայտնելու որևէ խնդիր մենք չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է խորհրդաժողովը ոչ թե եռյակի, այլ միայն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Մենք էլ սահմանադրական փոփոխությունների քննարկում կազմակերպեցինք, հիմա ի՞նչ, ասենք ինչո՞ւ է «Ժառանգություն»-ը առանձին սահմանադրական փոփոխությունների քննարկում կազմակերպում։ Կազմակերպումը` խնդիր չեմ տեսնում, քաղաքական ուժ է, քաղաքական ուժի ղեկավար է պարոն Ծառուկյանը, այս դեպքում, ցանկանում է խորհրդակցել»։

Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովը կնպաստի, որպեսզի երեք ընդդիմադիր ուժերը ճշտեն իրեց գործողությունների վերջնական օրակարգը։

«Ժառանգության», Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացրածը հենց սա է, որ մենք ոչ միայն երեք խորհրդարանական ուժերով պայքարենք, այլ այդ հրապարակը՝ հարթակը, ավելի լայն լինի, այդտեղ լինեն նաև ոչ խորհրդարանական ուժերը, այդտեղ լինեն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները», - ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

Հարցին՝ արդյոք նախագահական ընտրություններին եռյակի լիդերները կդառնա՞ն մրցակիցներ, Մարտիրոսյանը պատասխանեց, որ երեք ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը: «Ոչինչ չի բացառվում. յուրաքանչյուր առաջնորդ երեք ընդդիմադիր ուժերից ունի իր էլեկտորատը, իր որոշակի գաղափարական ուղղվածությունը։ Պարզ է, որ եթե չկա որևէ տեսակի պայմանավորվածություն, որ այդ երեքից մեկը պետք է լինի», - ասաց նա:

Ճշտող հարցին, թե առայժմ չկա՞ պայմանավորվածություն, թե երեք ղեկավարներից ով պետք է նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ նմանատիպ թեմա երբևիցե չի քննարկվել, «ուստի և պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող»։ «Բայց մեր ցանկությունն է, որ արտահերթ լինեն, որովհետև հերթականի ժամանակ, ես այն կարծիքն ունեմ և միշտ ասում եմ դա, որ որևէ մեկը թող հույս չունենա, որ Հանրապետական կուսակցությունը հերթական ընտրությունների ժամանակ հաղթելու է․ նորից նույն կեղծիքներն են լինելու», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG