«Ես շարունակում եմ վստահորեն պնդել, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մահմեդականները», - չորեքշաբթի օրը Անկարայում թուրք գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Երբ մոտ մեկ ամիս առաջ ես հայտարարեցի, որ Ամերիկան ոչ թե Կոլումբոսն է հայտնագործել, այլ մահմեդական նավաստիները, շատերը վայնասուն էին բարձրացրել: Իհարկե, հետազոտություններ անցկացնելու փոխարեն ծաղրելը բնորոշ է երիտասարդությանը: Բայց իմ պնդումները հիմնված են գրքերում տեղ գտած փաստերի վրա: Պարզապես պետք է ազնվորեն խոստովանել, որ պատմության դասագրքերը տարիներ շարունակ ստում էին: Դա կարող են ժխտել միայն բարդույթներով տառապող մարդիկ», - հայտարարեց Էրդողանը` հավելելով, թե ամերիկյան մայրցամաքի հայտնաբերման մասին իր պնդումները հիմնված են թուրք պատմաբան Ֆուաթ Սեզգինի աշխատությունների վրա:
Էրդողանի այս հայտարարությունը հնչեց Թուրքիայի ամենահեղինակավոր գիտական կառույցի` Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի ամենամյա մրցանակների հանձնման արարողության ժամանակ: Օգտվելով առիթից, Էրդողանը ամենահեղինակավոր թուրք գիտնականների ներկայությամբ անդրադարձավ ևս մեկ վիճահարույց խնդրի` երկրի դպրոցներում օսմաներեն լեզվի պարտադիր ուսուցում սկսելու մասին որոշմանը:
«Ժամանակին այնպես արեցին, որ օսմաներենը պարզապես վերանա, և մենք ստիպված լինենք գիտական հետազոտություններում օգտվել արևմտյան տերմիններից: Հին, անցյալի Թուրքիայում շատերը պարզապես վստահություն չէին տածում մեր երկրի կրոնական ու պատմական ժառանգության հանդեպ», - հայտարարում էր Էրդողանը:
Գիտնականների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը չշրջանցեց նաև քաղաքական թեմաները` նշելով, որ կառավարությունը բոլոր ճակատներում պարտության է մատնում «զուգահեռ, ստվերային պետության կառույցներին»: Խոսքը նախևառաջ Էրդողանի նախկին դաշնակից, կրոնական «Հիզմեթ» կառույցի ղեկավար Ֆեթհուլա Գյուլենի մասին էր:
Ինչ վերաբերում է գիտության ասպարեզում թուրքական կառավարության որդեգրած քաղաքականությանը, ապա այստեղ Էրդողանը 2015-ին լուրջ փոփոխություններ է խոստանում: Նրա խոսքով՝ եկող տարվանից երկրի գիտական հաստատություններին թուրքական կառավարությունը պատրաստվում է հատկացնել համախառն ներքին արդյունքի ոչ թե մեկ, այլ երկու տոկոսը: