Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը առայժմ չեն հստակեցրել երկկողմ առևտրի պայմանները


Հայաստանն ու Վրաստանը առայժմ չեն հստակեցրել երկկողմ առևտրի պայմանները
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Վրաստանի փոխվարչապետի խոսքով ջանալու են, որպեսզի պահպանեն մաքսային այն սակագները, որոնք այսօր գործում են երկրների միջև:

Հայաստանն ու Վրաստանը առ այսօր չեն հստակեցրել, թե երկկողմ առևտուրն ի՞նչ ռեժիմում է գործելու՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 1-ից Վրաստանը Եվրամիության հետ ազատ առևտրի գոտում է, իսկ 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Այսօր Երևանում է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ քննարկել են երկկողմ առևտրին առնչվող հարցեր:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Կվիրիկաշվիլիին հարցրեցինք, թե հաջորդ տարվանից ի՞նչ ռեժիմ, ի՞նչ մաքսային սակագներ են գործելու հայ-վրացական առևտրում:

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մեր առևտրատնտեսական հարաբերություններն ունեն դրական դինամիկա, և մենք ամեն կերպ կջանանք, որպեսզի համատեղենք Եվրամիության հետ մեր ասոցացումը և Մաքսային միությանը անդամակցելու հայկական կողմի որոշումը, որին մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբեվրում: Կարծում եմ, բավական ժամանակ ունենք, որպեսզի դիտարկենք այս ուղղության բոլոր տեխնիկական հարցերը և անել հնարավորը, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակեն ունենալ առևտրատնտեսական ակտիվ հարաբերություններ», - ասաց Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ իրենց համար Հայաստանը առևտրային կարևոր գործընկերներից մեկն է և գտնվում է Վրաստանի առաջին տաս առևտրային գործընկերների մեջ:

Ներկայում Հայաստանի ու Վրաստանի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ, որը աշխատում է ԱՊՀ շրջանակում ու Երևանի և Թբիլիսիի միջև կնքված երկու պայմանագրերի համաձայն:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք վրացական կողմը մտադիր է բարձրացնել մաքսային սակագները հայաստանյան ապրանքների համար, Գեորգի Կվիրիկաշվիլին հստակ պատասխան չտվեց․ - «Կարծում եմ, որ անցումային փուլը կտևի մի քանի տարի, մինչև մենք կկարողանանք պայմանավորվել նոր առևտրային ռեժիմների շուրջ, և մենք ամեն կերպ կջանանք, որպեսզի պահպանենք մաքսային այն սակագները, որոնք այսօր առկա են մեր երկրների միջև»:

Հետաքրքրվեցինք նաև, թե Վրաստանով տարանցիկ առևտուրն առաջիկայում ինչ պայմաններով է իրականացվելու․ - «Հենց այս մասին է խոսքը, որ մենք հնարավորություն ունենք երկկողմ ռեժիմում կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում կոնսուլտացիաներ սկսել առևտրի նոր պայմանների մասին: Բայց մեկ անգամ էլ ասեմ՝ կանենք հնարավոր ամեն բան, որ տարանցիկ առևտրի հարցերում ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի երկկողմ առևտրի թվերը անկում չապրեն: Մեր երկկողմ առևտրում տարանցիկը շատ կարևոր մաս է»:

Այս հարցերին անդրադարձավ նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը․- «Եվ Հայաստանի, և Վրաստանի դեպքում ազատ առևտրի ռեժիմի պահպանումը ձեռնտու է երկու կողմերին, և այդ ռեժիմի պահպանմանը ձգտում է նաև վրացական կողմը: Էստեղ խնդիրը նրանում է, որպեսզի մենք ժամանակի ընթացքում և վրացական կողմը և մեր կողմը իրենց գործընկեր երկրների հետ կարողանանք պահպանել այդ ռեժիմը»:

«Դրան նպաստում է այն հանգամանքը, որ Հայաստանը ընդլայնելու է համագործակցությունը Եվրամիության հետ: Կարծում եմ, որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ փոխել առևտրի ռեժիմը, և զրոյական առևտրի ռեժիմը՝ այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմը ձեռնտու և՛ հայկական, և՛ վրացական կողմին», - եզրափակեց Կարեն Ճշմարիտյանը:

Ի դեպ, ինչպես այսօր տեղեկացրեց Վրաստանի փոխվարչապետը, հայ-վրացական երկկողմ առևտուրն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 450 միլիոն դոլար, ինչը հավասար է նախորդ ողջ տարվա ցուցանիշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG