Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն այսօր քաղաքապետարանի դիմաց պահանջում էին մինչև տարեվերջ վճարել իրենց վերջնահաշվարկը:
«Ազատության» հետ զրույցում նրանք պատմեցին, որ ընկերությունից խոստացել են վերջնահաշվարկը վճարել փետրվարին, մինչդեռ առջևում Ամանոր է՝ և աշխատանքից զրկված մարդիկ պնդում են, որ արդար չէ այդքան ձգձգել իրենց գումարների վճարումը:
Աշխատակիցներից Ռուզաննա Աճեմյանը պատմեց, որ թեև իրենց դեռ դեկտեմբերի 1-ից հրահանգել են այլևս աշխատանքի դուրս չգալ, հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին ծանուցումը ուղարկել են դեկտեմբերի 15-ին: Նույն օրը նույն մեջ ստացել են նաև մեկ այլ ծանուցում, որ իրենց աշխատանքային պայմանագրերը կլուծվեն փետրվարի 1-ին:
«Թուղթ եկավ մեզ, որ հիմնարկը լուծարվել է, փետրվարի մեջ լուծարման փողը կստանաք: Մեր պահանջը հիմա այդ գումարն է, բայց ոչ թե փետրվարին, այլ հիմա՝ մինչև Նոր Տարի», - ասաց նա:
Հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցները վախենում են, որ ընդհանրապես չեն ստանա իրենց գումարները: Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը ասաց՝ ամեն ինչ կլուծվի օրենքի շրջանակներում:
«Ձեզանից որևէ մեկի աշխատանքը՝ կլինի դա աշխատավարձի տեսքով, կլինի դա վերջնահաշվարկի տեսքով, որևէ մեկը չի պատրաստվում յուրացնել», - հայտարարեց նա:
Ըստ «Կենտրոն մաքրություն» ընկերության տնօրեն Միքայել Դավթյանի խոսքը մոտ 80-ից 100 միլիոն դրամի մասին է, կվճարեն՝ երբ քաղաքապետարանը տա:
«Երկու ամիս լուծարման ընթացք է գնալու: Այնտեղ էլ գրված է՝ հնարավոր է, որ լուծարվի: Պիտի այդ հարցերը լուծվեն, որ վճարվի», - ասում է նա:
«Կենտրոն մաքրություն» ընկերության բողոքող աշխատակիցները համաձայնեցին դիմում գրել քաղաքապետին և պատասխանը քննարկելու համար հավաքվել ուրբաթ օրը:
Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման և վերահսկողության բաժնի պետ Լևոն Մելիքյանը պարզաբանեց, որ վերջնահաշվարկը գործատուն պարտավոր է տալ այն նույն օրը, երբ պայմանագիրը լուծվում է: Եթե հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցների պայմանագրերը դադարեցվելու են փետրվարի 1-ին, ապա վերջնահաշվարկը նրանք կստանան այդ նույն օրը, սակայն պարապուրդի յուրաքանչյուր ամսվա համար աշխատակիցներին գործատուն պետք է վճարի աշխատավարձի երկու երրորդը:
«Եթե փետրվարի 1-ից են ազատվելու, իրենք չեն կարող հիմա վերջնահաշվարկ ստանալ», - նշեց նա: