Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը հակադարձում է քննադատությանը


Նարեկ Սարգսյանը հակադարձում է քննադատությանը
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Քաղաքաշինության նախարարը իր հասցեին ճարտարապետների ու փորձագետների հնչեցրած մեղադրանքը «անհիմն սուտ» որակեց:

Մայրաքաղաքում կանաչ տարածքնների հաշվին քիթ-քթի կառուցված և կառուցվող բարձրահարկերի ու պատմական հուշարձանների ապամոնտաժման մասին հարցերը այսօր Քաղաքաշինության նախարար, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հիշեցրին Չերչիլի թևավոր խոսքը. - «Չերչիլը ասում էր՝ լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել»:

Երբ լրագրողները Նարեկ Սարգսյանին հիշեցրին ապամոնտաժված Աֆրիյանների տան և «Սևան» հյուրանոցի մասին, քանդված Երիտասարդական պալատի, գերակա շահ ճանաչված մի քանի փողոցների բնակիչների՝ մինչև այսօր չլուծված բնակարանային խնդիրների, հին Երևանը քանդելու ու նոր տեղում կառուցելու նախագծի մասին ու ընգծեցին, որ այդ ամենն արվել է հենց իր գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, Սարգսյանը հակադարձեց, թե լրագրողները խեղաթյուրում են իրականությունը: Իսկ իր հասցեին ճարտարապետների ու փորձագետների հնչեցրած մեղադրանքը «անհիմն սուտ» որակեց․ - «Հազար անգամ կրկնված սուտը հավասար է ճշմարտության: Այն, ինչ որ տասնյակ տարիներ գրվել է, ասվել է և վերագրվել է ինձ, այդ ամենի մեջ ճշմարտությունը շատ քիչ է: Չմոռանաք, որ ես յոթը տարի Երևանի գլխավոր ճարտարապետ չեմ եղել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց․ եթե օտարերկրացին ցանկանա 2800-ամյա Երևանում տեսնել 100-ամյա որևէ շենք, ի՞նչ են ցույց տալու: Նարեկ Սարգսյանը ուղիղ պատասխան այդպես էլ չտվեց․ - «Հայաստանի պատմության երկու հազար ութ հարյուր տարվա համար, հույս ունեմ, որ այդտեղ էլ պետք է ինձ չմեղադրեք, որովհետև ես իրապես չեմ մասնակցել ո՚չ Ավարայրի ճակատամարտին, ո՛չ Սարդարապատի կամ այլ ճակատամարտերին»:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ նախարարն ամփոփում էր անցնող տարին, փակցված լուսանկարներից մեկն օրինակ բերելով՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք աններդաշնակություն չի տեսնում երևանյան ցածրահարկ շենքի անմիջապես հետևում վեր խոյացող ժամանակակից բարձրահարկի միջև, Սարգսյանն արձագանքեց․ - «Ես ձեռնպահ կմնամ խիստ մասնագիտական խնդիրները ձեզ հետ քննարկելուց»:

Գլխավոր հատակագծով հաջորդ տարի նախատեսվում է Հանրապետության հրապարակում կառուցել 1000 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: Չնայած ճարտարապետների քննադատությանը՝ Քաղաքաշինության նախարարը վստահ է, որ սա հաջողված նախագիծ է:

Նարեկ Սարգսյանը պաշտպանեց նաև սուր քննադատության արժանացած Հյուսիսային պողոտան․ - «Հյուսիսային պողոտան մեր ամբողջ տարածաշրջանի ամենակարևոր քաղաքաշինական պրոեկտն է եղել: Դա մի հատ արևելյան հետնախորշերով տարածք էր, այդպես մնացել էր յոթանասուն տարի: Մենք կառուցեցինք այն, ինչ կառուցեցինք: Անձնական պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հյուսիսային պողոտայի սեյսմիկայի հետ կապված բոլոր խոսակցությունները բացարձակապես անհիմն են»:

Մինչ նախարարը թվարկում էր ձեռքբերումները՝ հին ու նոր Երևանը լուսանկարներով արձանագրած Հայկ Բիանջյանը հիշեցրեց մայրաքաղաքի անդառնալի կորուստները․ - «Ես կոնկրետ չէի անձնավորի: Իհարկե, գլխավոր մեղավորներից մեկն է Նարեկ Սարգսյնաը, քանի որ երկար տարիներ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Մենք այսօր չունենք Փակ շուկա, չունենք Երիտասարդական պալատ, չունենք «Սևան» հյուրանոց․․․ Եվ դրանից հետո հայտարարել, որ Երևանը դեպի լավն է փոխվել․․․ Միգուցե որոշակի մարդիկ ուրիշ խողովակի միջո՞վ են այդ ամեն ինչին նայում: Այսինքն նայում են քառակուսի մետրեր վաճառելու և ինչ-որ բիզնես կենտրոններ ավելացնելու հաշվին․․․ միգուցե Երևանը դրանով առաջխաղացում ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG