Երևանի Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքի բնակիչներին մինչև գարուն ժամանակ է տրվել, որ նրանք ինքնակամ քանդեն իրենց տներն ու հեռանան։ Տարածքն այլևս «Ագրո հոլդինգ Արմենիա» ընկերությանն է պատկանում։
Դեռևս անցած դարի իննսունականներից այստեղի բնակիչները պարբերաբար դիմել են քաղաքային իշխանություններին՝ իրենց հողատարածքներն ու տները սեփականաշնորհելու պահանջով, բայց ամեն անգամ նրանց անորոշ պատասխաններ են տվել։ Մասնավորապես, առաջարկել են սպասել աճուրդներին։ Նման մի պատասխան, ի դեպ, քաղաքապետարանից անգամ 2012-ին է ստացվել, երբ տարածքն արդեն 6 տարի է սեփականատեր ուներ։
«Մի անգամ թղթի վրա գրված չի եղել սևով սպիտակի վրա, որ գիտեք էս հողերը պատկանում է «Ագրո հոլդինգ»-ին։ Միշտ գրվել ա՝ կա՛մ պատկանում ա Անտառտնտեսությանը, կա՛մ Գյուղնախարարությանը, կա՛մ քաղաքապետարանին։ Երբևիցե «Ագրո հոլդինգ»-ի անունը գրված չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից Սոնա Գզողյանը:
Նոր Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածների միջև ընկած այս տարածքը նախկինում աղբանոց է եղել։ Տարիների ընթացում բնակիչներն իրենց միջոցներով են այն բարեկարգել։ Նրանք տեղյակ չեն եղել, որ 3000 քմ կազմող այդ տարածքը, որն իրենք զբաղեցնում են 2003-ից, վարձակալության է տրվել «Ագրո Հոլդինգ» ընկերությանը։ Երկու տարի անց հողային օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ինչի արդյունքում հողակտորը դարձել է «Ագրո հոլդինգ»-ի ուղղակի սեփականությունը։
Փաստաբան Արմինե Հարությունյան ասում է, որ գործարքը բազմաթիվ իրավախախտումներով է կնքվել, և այդ ամենի արդյունքում Ռուսաստանի քաղաքացի Գոռ Խեչոյանը դարձել է սեփականատեր․ - «Մեր Սահմանադրությունն ուղիղ արգելում է, չէ՞, որ օտարերկրացին հող ունենա Հայաստանում։ Հիմա օտարերկրացին այ էդ մեխանիզմներով էդ հողամասի տերն ա»։
Հողի մի մասի՝ 2.8 հեկտարի կադաստրային արժեքը ընկերությունն այդպես էլ չի վճարել՝ պետությանը պարտք մնալով 195 միլիոն դրամ։ Հետո պարզապես փոխել է անունը, դարձել «Ագրո հոլդինգ Արմենիա» ու դիմելով քաղաքապետարանին՝ սեփականության նոր վկայական ստացել։
Բնակիչներն այս ամենի մասին իմացել են շատ ավելի ուշ, երբ 2011-ին ընկերությունը դատարան է դիմել իրենց վտարելու պահանջով։ Հայցը բավարարվել է, և այսօր նրանց առաջ արդեն վարչական տուգանք վճարելու պահանջ է դրվել։ Բնակիչներն էլ իրենց հերթին վարչական դատարան են դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել քաղաքապետարանի որոշումը։
Ըստ իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի, քաղաքապետարանը կամ չի իմացել, որ այնտեղ մարդիկ են բնակվում, կամ էլ անտեսել է այդ փաստը, քանի որ փաստացի տիրապետվող գույքն օտարելու իրավունք չուներ։
«Եթե գային տվյալ տարածքում իրական չափագրումներ անեին, բնակիչները տեղյակ կլինեին և կիմանային, որ դա նաև իրենց է վերաբերվում։ Մարդիկ չեն եկել, գծագրություններ են արել։ Եվ հիմա մեր քաղաքապետարանը, բնականաբար, չի ընդունի, որ ինքը տեղում չի եղել, բայց փաստերը ցույց են տալիս, որ տեղում չի եղել, նաև այնպիսի քիքս են տվել․ ոնց որ ասես՝ սեփականության իրավունքն անցնում ա էս սենյակի կեսով»։
Խոսքը երկու տների մասին է, որոնց կեսն անցնում է վիճարկվող տարածքով, կեսը՝ ոչ։ Բնակիչները դատարանում տեղեկացել են նաև, որ իրենց տներն ու հողամասերը 480.000 դոլար գումարի դիմաց գրավադրված են Արդշինինվեստ բանկում։ Ընդ որում, ինչպես ասաց Արմինե Հարությունյանը, տեղի է ունեցել կրկնակի գրավադրում․ - «Բանկը հաջորդող գրավով հողամասը տրամադրել է Ագրո հոլդինգի սեփականատիրոջը»։
«Ագրո հոլդինգ Արմենիա»-ն դեռ 2003-ին խոստացել էր այստեղ քարի մշակման արտադրամաս կառուցել ու 240 նոր աշխատատեղ բացել։ Բայց այս տարիների ընթացքում ներդրում այդպես էլ չի արել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ֆինանսական վատ վիճակում։
Նշենք, որ այս խնդիրը, վարչապետի կարգադրությամբ, քննարկվելու է քաղաքապետարանում։ Բնակիչները նշում են, որ, չնայած հարցը հաշտությամբ լուծելու մասին պայմանավորվածությանը, իրենք «Ագրո Հոլդինգ Արմենիա»-ից գրություն են ստացել, որում նշված է, թե բնակիչներին թույլատրում են այդ տարածքում ապրել մինչև ձմռան ավարտը։ Որպես բարի կամքի դրսևորում ընկերությունն առաջարկում է նաև սեփական միջոցներով քանդել տներն ու տների քարերը տեղափոխել այնտեղ, որտեղ բնակիչները կցանկանան։
«Մենք այսպես ասած Հայաստանի բոմժերի ցուցակը չենք լրացնելու, բացառվում է։ Մենք էստեղ ապրել ենք եւ ապրելու ենք միանշանակ», - ասաց բնակիչներից Նառա Եսայանը։