Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի ասուլիսը երկակի տպավորություն թողեց: Թոփչյանը ընդհանուր առմամբ գոհ է նվագախմբի գործունեությունից, սակայն խնդիրներն էլ քիչ չեն:
Ավարտվող տարվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես է Իտալիայի չորս քաղաքներում, երկու համերգ է ունեցել Ավստրիայում, մեկ համերգ Գերմանիայում:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, սակայն, շեշտեց, որ իրենք դեռ շատ անելիք ունեն՝ հասնելու աշխարհի հեղինակավոր նվագախմբերին․ - «Ես չեմ ասում, որ մենք էլ ենք արդեն այդ «թոփ»-երից, բայց այն, որ մեզ տեսնում են այդ շարքում և հրավիրում են և իրավունք ունենք այդտեղ ելույթ ունենանք, արդեն ուրախանում ենք»:
Եթե նվագախումբը հյուրախաղերի մեկնած չի լինում, ամեն ուրբաթ հանդես է գալիս «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Չհաշված հենց նվագախմբի հիմնադրած փառատոնային երկամսյա ծրագիրը, որի ընթացքում նվագախմբի հրավերով մեզ մոտ համերգներով հանդես են աշխարհահռչակ երաժիշտներ:
«Ամեն ուրբաթ համերգ ենք ունեցել, հիանալի հյուրեր ենք ունեցել, օպերաներ ենք արել: Ամեն ինչ արել ենք», - նշեց Թոփչյանը՝ ցավով շեշտելով, սակայն, որ այդպես էլ չհաջողվեց իրականացնել իր վաղեմի երազանքը՝ բացել երաժշտական ակադեմիա, որտեղ կրթություն պիտի ստանար իրենց փոխարինելու գալիք սերունդ․ - «Ամենաբարձր ատյանները, կարծես թե, միջնորդեցին, ուզեցան: Բայց երևի կան ուժեր էլ, որ խանգարում են, որ դա չի ստացվում: Վերջում մեզ բերեցին հենց այս շենքը, ասացին՝ մենք այստեղ ձեզ կտանք մի հատ դասարան: Ես ասացի՝ այդպես չի լինի: Մենք կարծես թե ունեցանք ամեն ինչ, բայց չունեցանք շենք: Ես ուզում էի ստեղծել մի ակադեմիա, որը կապահովի Հայաստանի ֆիլհարմոնիկի ապագան: Երբ որ ես էլ չլինեմ, այդ ժամանակ: Եվ գուցեև կապահովեր նաև մի քանի ուրիշ նվագախմբերի գոնե մի շարք երաժիշտներ․․․ Դե հիմա եթե դրա կարիքը չկա․․․»:
Թոփչյանը համոզված է, որ ազգովի ջանք պիտի թափենք ոչ միայն եղածը պահպանելու, այլև՝ առաջ տանելու, զարգացնելու: Նա բերեց աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբի՝ Վիեննա ֆիլհարմոնիկ նվագախմբի օրինակը․ - «Ասենք, գալիս է Վիեննայի ֆիլհարմոնիկը: Մենք հորթային հրճվանքով լցվում ենք այդ դահլիճը, 99 տոկոսը ոչ մի բան չի հասկանում: Այն մարդիկ, ովքեր պիտի հայտնվեն այդտեղ, չեն հայտնվում կամ մեծ դժվարությամբ են հայտնվում: Ու խոսում են՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ․․․ Բայց ի՞նչ բան է Վիեննայի ֆիլհարմոնիկը: Դա հարյուրավոր տարիների տրադիցիա է, ազգային ներդրում է: Այսինքն ամբողջ Ավստրիան հպարտանում է դրանով, պահել, բերել-հասցրել է այդտեղ: Դրա համար ինքը դարձել է Վիեննայի ֆիլհարմոնիկը: Դա մի օրում չի ստեղծվել, մի ժամում չի ստեղծվել: Տրադիցիաներ են եղել, հատուկ համակարգեր աշխատել են, որ ստեղծեն Վիեննայի ֆիլհարմոնիկի ապագա երաժշտին: Այդ ապագա երաժիշտը եկել է, ներկա երաժիշտի հետ աշխատել է»:
Իսկ մենք, նրա խոսքով, այսօր կորցնում են մեր երաժիշտներին, որոնք «թողնում գնում են»․ - «Դուք ուզում ես, որ մենք այստեղ նստենք ու ասենք, որ ամեն ինչ հիանալի է՞: Հիանալի չի ու չի՛ լինելու հիանալի: Ու ավելի վատ է լինելու: Այդպես եթե շարունակվի, ավելի վատ է լինելու»: