Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության նիստում երեկ հայտարարել է, որ հարևան Ռուսաստանի հետ առևտուրը հետայսու պետք է իրականացվի կայուն արտարժույթով` ամերիկյան դոլարով կամ եվրոյով։ Նրա խոսքերով, դա վաղուց էր պետք անել։
Իսկ այսօրվանից իշխանությունը սահմանել է 30 տոկոսի հարկ Բելառուսում դոլար կամ եվրո գնելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ, սա գործնականում նշանակում է բելառուսական ռուբլու 30 տոկոսի արժեզրկում։
Բանաձևը շատ պարզ է. եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը գնում է 100 դոլար, ապա ստանում է 70, իսկ 30-ը հարկվում և փոխանցվում է պետական բյուջե։ Բացի այդ, այսօրվանից արտարժույթով եկամտի 50 տոկոսը պարտադիր պետք է վաճառվի պետությանը։
Դեռ հոկտեմբերից Բելառուսում նկատվել է արտարժույթի մեծ պահանջարկ։ Հետագա զարգացումներն, ըստ բելառուս փորձագետների, պայմանավորված կլինեն ռուսական ռուբլու տատանումներով։
«Եթե Մոսկվայի արտարժույթի շուկայում խուճապ սկսվի, այն անխուսափելիորեն կփոխանցվի նաև մեր շուկա, եթե վիճակը Ռուսաստանում կայունանա, ապա մենք էլ կարող ենք կայունություն ակնկալել»,- «Ֆինանսական լուրեր» բելառուսական գործակալությանն ասել է տնտեսագետ Անտոն Բոլտոչկոն։
Ընդամենը 12 օրից պետք է սկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի հիմնադիր անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, և որին միանում է Հայաստանը։
«Մենք Ռուսաստանի հետևից չենք վազի»
Չնայած այդ հանգամանքին՝ Մինսկի և Մոսկվայի հարաբերություններում մերթ ընդ մերթ առաջ են գալիս ակնհայտ տարաձայնություններ։ Ռուսներն արգելել էին Բելառուսից կաթնամթերքի և մսամթերքի ներկրումը, պահանջել էին հետևել իրենց օրինակին և արգելք սահմանել Արևմուտքից Բելառուս ներկրվող ապրանքի նկատմամբ։
Բելառուսները կոչերն անտեսել են, ստուգումների են ենթարկել Ռուսաստանից ապրանք հասցնող բեռնատարները և մաքսակետերում առգրավվել տարատեսակ արտադրանք։
Այսօր առավոտյան ռուսները վերացրել են բելառուսական 12 ընկերությունների արտադրած մթերքի ներմուծման արգելքը։
«Վերջին շրջանում ինձ անընդհատ ասում են, թե ռուսական ռուբլին տապալվել է, մեր արտահանման 40 տոկոսը Ռուսաստան է ուղարկվում, և մենք մեծ կորուստներ ենք կրում, հիմա ի՞նչ անենք, այդպիսին է մեր գործընկերը, այդպիսի վիճակ է Ռուսաստանում և Ուկրաինայում, որը նույնպես մեր գործընկերն է»,- ասել է Լուկաշենկոն և կառավարությունից պահանջել առևտուրն անել ոչ թե ռուբլիով, այլ կայուն արտարժույթով։
«Այնպես, ինչպես էլեկտրականության հարցում, մենք այն գնում ենք ոչ թե ռուբլիով, այլ դոլարով»,- հստակեցրել է Լուկաշենկոն և ավելացրել. - «Դա, ի դեպ, կառավարության թերացումն է, վաղուց էր պետք աշխատել ու պահանջել, որ մեզ վճարեն կայուն արտարժույթով»։
Լուկաշենկան նաև հավաստիացրել է, որ Բելառուսում չի կրկնվի այն, ինչ տեղի է ունենում հարևան Ռուսաստանում։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք չենք վազելու ռուսական շուկայի հետևից, դա կտրականապես արգելվում է, քանի որ ռուսական շուկայում չես հասկանում, թե ինչ է կատարվում և ինչ կլինի, վկայությունը՝ ռուբլու երեկվա արժևորումն է, ռուսական շուկայի զարգացումները տրամաբանորեն չեն բացատրվում։ Հետևաբար, մի լսեք նրանց, ովքեր հորդորում են արժեզրկել ազգային տարադրամը, դա անընդունելի է», - ասել է Լուկաշենկոն։
Դա երեկ էր, իսկ այսօր սահմանվեց առքուվաճառքի 30 տոկոսի հարկ։ Բելառուսի նախագահը նաև հավաստիացրել է, որ արտարժույթի շուկայի կայունությունը իշխանության և Կենտրոնական բանկի առաջնահերթ խնդիրն է։
«Մենք պարտավորություններ ունենք., մենք պետք է կայուն պահենք արտարժույթի շուկան, դա գործադիրի և Ազգային [կենտրոնական] բանկի առաջնահերթությունն է»,- ասել է նա։
Բելառուսը մտադիր է ավելի էժան գին կորզել ռուսական գազի համար
Փորձագետները նշում են, որ Կրեմլի հետ հարաբերություններում Լուկաշենկոն միշտ նկատել է տալիս, որ ղեկավարում է հզոր և կայուն երկիր և կարողանում է բարենպաստ պայմանագրեր կորզել։
Ի դեպ, նշենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազի հազար խորանարդ մետրի համար վճարում է 189 դոլար։ Բելառուսը ներկայումս գործող պայմանագրով, որի ժամկետը սպառվում է տարեվերջին` վճարում է 168 դոլար։
Շնորհիվ Լուկաշենկոյի կոշտ դիրքորոշման, ռուսները զիջումների են գնում. Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ նոր կնքվելիք պայմանագրով բելառուսները գազի հազար խորանարդ մետրի համար կվճարեն 154-155 դոլար։
«Պատճառը պարզ է` ռուսական ռուբլին արժեզրկվել է, հունվարի 1-ից գազի գինը կիջնի»,- ասել է Սեմաշկոն։