Մատչելիության հղումներ

«Փոքր բիզնեսը շուտով արդեն Կարմիր գրքում կգրանցվի»


«Փոքր բիզնեսը շուտով կհայտնվի Կարմիր գրքում»
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Մանուկ Ղազարյանը 1 տարի է՝ Սիրիայից ընտանիքով Հայաստան է տեղափոխվել, իր հետ տեղափոխելով նաև բիզնեսը։ Նա այստեղ կաշվե իրերի և կոշիկների պատրաստմամբ ու վերանորոգմամբ է զբաղվում։ Ասում է՝ Սիրիայում և այստեղ փոքր բիզնեսի վիճակը շատ տարբեր է։

«Շահ չի մնում․․․ շահ չի մնում: Աշխատում ենք, այո՛, հացի փող ենք անում, բայց ոչ մի ավելորդ բան՝ չենք կարողանում մի հատ ճաշարան գնանք, տեղ մը նստենք հաց ուտենք ընդանքով», - ասում է նա ու հավելում․ - «Հարկերեն չենք կարող ազատվենք, որովհետև պիտի հարկ վճարենք, ես չեմ ասում հարկ պիտի չտանք։ Հարկ պիտի վճարենք, որովհետև մենք ունենք բանակ, ունենք զինվորներ, որ պաշտպանում են մեր երկիրը։ Մեր հարկերով ադոնց պիտի պահենք։ Բայց պետք է նստենք մի հատ մտածենք, որ էսի մեջտեղ բերենք»։

«Փոքր բիզնեսը շուտով արդեն Կարմիր գրքում կգրանցվի»,- ասում է Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը։Ըստ նրա, Կառավարությունը արտաքուստ ցույց է տալիս, թե աջակցում է փոքր ու միջին տնտեսվարողներին, օրենքներ է փոխում, բայց իրականում միայն մեծի մասին է մտածում։

Ըստ Ասլանյանի, վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10,000 մանր ու միջին արտադրություններ ու խանութներ են փակվել՝ այդ թվում հացի փռեր, մանրածախ առևտրի կետեր։ Շատերի վրա էլ գրված է՝ տրվում է վարձով։ վերջին օրերին վիճակն ավելի է սրվել փոխարժեքի տատանումների պատճառով։ Երբևէ բիզնեսն այսպիսի վատ վիճակում չէր հայտնվել՝ ասում է Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահը։

«Մարդն առավոտյան խանութ ապրանքը բերում ա, երեկոյան վաճառում ա, չի կարողանում նույն ապրանքը գնել, տեղը դնել։ Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում էս քանի օրը էդ մասով՝ չգիտեն ինչ անեն։ Որոշ տեղեր խանութներն են փակել մարդիկ։ Անհնար ա», - ասում է նա:

Այցելեցինք «Ֆիրդուս» անվամբ հայտնի տոնավաճառ։ Այստեղ աշխատող առևտրականները բողոքում էին՝ օգուտ ստանալու փոխարեն ստիպված են կրած վնասների մասին մտածել։ Հաշվարկում են միայն վարկերը, տոկոսներն ու դրամ-դոլար տարբերությունը։

«Եթե այս ընթացքումոչինչ չփոխվի, հունվարից էլ չենք աշխատի»,- ասում են նրանք։

Փորձագետները կարծում են, որ բիզնեսին այս վիճակից միայն «հարկային արձակուրդը» կազատի և առաջարկում են ֆինանսական փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողներին գոնե մի քանի տարով հարկերից ազատել։

Այս ամենով հանդերձ, փոքր բիզնեսով զբաղվող Մանուկ Ղազարյանը մտադիր չէ Սիրիա վերադառնալ, հույս ունի, որհայրենիքում գործերն այնուամենայնիվ, հաջող կընթանան:

«Որ վիճակը ստեղ կայունանա, ես էստեղ եմ մնալու։ Պետք է դոլարի խնդիրը լուծեն առաջինը և ուշադրություն անեն հարկերու, բաներու մասին, մտածեն ժողովրդի մասին։ Որովհետև ժողովուրդը շատ դժվար օրեր ա անցկացնում», - ասում է սիրիահայ գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG