Ադրբեջանն ու Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտ համարվող երկրների տասնյակում են:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է ամենամյա զեկույցը, որի համաձայն լրագրողների ազատազրկման դեպքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են:
2014 թվին աշխարհում ձերբակալվել և ազատազրկման է դատապարտվել 220 լրագրող: Սա երկրորդ բարձր ցուցանիշն է 1990 թվականից ի վեր, նշվում է կազմակերպության զեկույցում:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերլուծության՝ լրագրողների ձերբակալությունների թվի աճը վկայում է այն մասին, որ աշխարհում ակտիվանում են բռնատիրական ռեժիմները: Խոսքը, մասնավորապես, Չինաստանի, Եթովպիայի, Բիրմայի և Եգիպտոսի մասին է: Լրագրողների համար բանտ համարվող երկրների տասնյակում ընդգրկվել են նաև Սիրիան, Ադրբեջանը և Թուրքիան:
Թուրքիան այս առումով վատագույն երկիրն էր 2012 և 2013 թվականներին, սակայն այս տարի այդ երկրում ազատ արձակվեցին տասնյակ ձերբակալված լրագրողներ: Բայց միևնույն ժամանակ դեկտեմբերի 14-ին կրկին մի խումբ լրագրողներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են ահաբեկչության և սպառնալիքների օգտագործմամբ բանդա ձևավորելու միջոցով պետական իշխանությունը գրավելու փորձի, նաև զրպարտության և կեղծիքի մեջ: Վերջիններս, ըստ թուրքական կառավարության, կապեր ունեն արևմտամետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հակառակորդն է:
Ադրբեջանում տարվա ընթացքում 9 լրագրող է ձերբակալվել: Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրողների ցանկում ներառված չեն առնվազն չորս քաղաքացիական լրագրողներ, ովքեր ակտիվորեն լրատվություն էին տարածում «Ֆեյսբուք»-ում, մասնավորապես, մարդու իրավունքների խախտումների դեպքերի, այդ երկրում լայնորեն տարածված կոռուպցիայի մասին:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի ուսումնասիրության համաձայն՝ ճաղերի ետևում հայտնված 220 լրագրողների 60 տոկոսը, այսինքն՝ 132 հոգին մեղադրվել են հենց հակապետական գործունեություն ծավալելու մեջ:
Ըստ զեկույցի՝ ևս 20 լրագրողներ անհայտ կորած են համարվում Սիրիայում: Ենթադրվում է, որ նրանք պատանդ են պահվում «Իսլամական պետության» զինյալների կողմից: