Մատչելիության հղումներ

«Անտարես»-ի տնօրեն․ Ֆիննախի տեսուչները ներխուժել են գրասենյակ


«Անտարես»-ի տնօրեն․ Ֆիննախի տեսուչները ներխուժել են գրասենյակ
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ին Ֆինանսների նախարարության երեք աշխատակիցներ, չունենալով համապատասխան փաստաթուղթ, ներխուժել են հրատարակչության գրասենյակ ու փորձել են ստուգումներ իրականացնել:

«Շատ փողոցային լեզվով սկսեցին խոսել՝ բա մի հատ էլ հարցրու ինչի թրաշված չեմ, այ ջահել, դու հլա կտեսնեն քո հետ ինչ կըլնի», - «Ազատութան»-ը այսօր պատմեց Մարտիրոսյանը:

Չնայած նրան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նախորդ նիստին հանձնարարել էր սահմանափակել փոքր և միջին ձեռնարկություններում հարկային ստուգումները՝ տնտեսվարողներին ավելորդ լարվածության մեջ չգցելու համար, «Անտարես» հրատարակչության տնօրենն ասաց, որ հարկային մարմիններն այս տարի արդեն 3-րդ անգամ են իրենց այցելում։

Ֆիննախի աշխատակիցները, Մարտիրոսյանի ձևակերպմամբ՝ շարունակել են լկտի պահվածք դրսևորել և պարբերաբար սադրանքների դիմելով փորձել են կռիվ հրահրել:

Մոտ երկու ժամ տևած բանավեճից հետո Արմեն Մարտիրոսյանը գրասենյակ է հրավիրել իր փաստաբան Տիգրան Եգորյանին: Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ փորձել է ձայնագրել խոսակցությունը։ Սեղանին դրված ձայնագրիչը բարկացրել է հարկայինի աշխատակցներից մեկին․ - «Ձեռքիս հարվածեց, որ խլի ձայնագրիչը և արդյունքում խլեց: Երկու ժամ փաստորեն գրասենյակը օկուպացնելեւց հետո որոշեցին գնալ և ասացին, որ կվերադառնան»:

Իսկ մինչ այդ սկսվել էր քաշքշուկ, որը, ըստ փաստաբանի, տևել է մոտ 10 րոպե։ Այդ ընթացքում «Անտարես»-ի տնօրենը զանգահարել է ոստիկանություն։ Դեպքի վայր հասած ոստիկանները, սակայն, Մարտիրոսյանին ասել են, թե իրենք այդտեղ անելիք չունեն․ - «Ասացին՝ որևէ իր կոտրվե՞լ է, ասացի՝ չէ: Ասացին՝ դե ուրեմն մեր հարցը չի: Ասացի՝ այսինքն մինչև գլուխս չջարդեն, դա ձեր հարցը չի»:

Դեպքից հետո հրատարակչության գրասենյակ են ժամանել նաև ՄԻՊ-ի գրասենյակից։ Արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը նշում է, որ իրենք վիճաբանություն չեն տեսել, հարկայինի աշխատակիցներին չեն հանդիպել:

Արմեն Մարտիրոսյանը բիզնես գործունեությունից բացի, հանրությանը հայտնի է նաև որպես իշխանության համարձակ քննադատներից մեկը։ Անարդարությունների դեմ ընդվզող գործարարը, սակայն, դժվարանում է հստակ ասել, որ այդ գործողություններն ուղղված են իր անձի դեմ․ - «Նրանց ոտնձգությունները բազմաթիվ են, բազմաբնույթ: Ես անգամ չգիտեմ՝ սա ինչի հետ կապեմ: Կարող է ո՛չ էն կա, ո՛չ էն, ո՛չ էն կա․․․ ուղղակի սա փնթիություն է»:

Ովքե՞ր են եղել տեսուչները և ինչո՞ւ են հարկային մարմինները հաճախակի այցելում «Անտարես» հրատարակչություն․ «Ազատության» այս հարցերին Ֆինանսների նախարարությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված պարզաբանման մեջ նշվում է․ - «Անտարես ընկերությունում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու որոշման մասին քաղվածքը ներկայացվել է ընկերության ներկայացուցիչներին, իսկ հարկային տեսուչների և ընկերության աշխատակիցների միջև բախման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. տեսուչներն ընդամենը փորձել են ճշտել` արդյոք սեղանին դրված ձայնագրիչը ձայնագրում է, թե ոչ, վերցրել են ձայնագրիչը, ստուգել և անմիջապես դրել նույն տեղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG